List.am-ի հիմնադիր․ ձախողումները շատ արագ են մոռացվում, իսկ հաջողությունները՝ երկար հիշվում (exclusive)

Հայաստանում, թերևս, չկա ինտերնետից օգտվող մի մարդ, ով չիմանա հայտարարությունների ամենատարածված կայքի՝ list.am-ի մասին․ իսկ ո՞վ է կայքի հիմնադիրը, ի՞նչ այլ նախագծեր ունի, ի՞նչ հաջողությունների է հասել և ի՞նչ ասելիք ունի հայ երիտասարդներին․․․

ittrend.am-ը կապ է հաստատել list.am-ի և 6 տարբեր ընկերությունների հիմնադիր Սուրեն Մարկոսյանի հետ, ով բնակվում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում (հարցազրույցի ռուսերեն բնօրինակը կարդացեք այստեղ

Սուրեն Մարկոսյան
Սուրեն Մարկոսյան

– Ի՞նչ ճանապարհ է անցել List.am կայքը և ինչո՞ւ երկար ժամանակ չի փոխվել կայքի դիզայնը։

– List.am կայքն անցել է շատ երկար ճանապարհ՝ գաղափարից վերածվելով Հայաստանում ամենախոշոր ու հայտնի կայքի։ Ներկա պահին List.am-ում առաջարկվում են գործնականում երկրի ներքին համախառն արտադրանքի գնով ապրանքներ։

List.am-ը ոչ միայն կայք է, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ, այլև Հայաստանում բնակվող շատ մարդկանց եկամտի աղբյուր է։ List.am-ն օգնում է նաև զարգանալ փոքր բիզնեսներին ու ձեռնարկատերերին՝ հնարավորություն տալով նրանց արդյունավետ կերպով հաճախորդներ ու գործընկերներ գտնել։

Բացի այդ՝ մենք աշխատում ենք բարեգործական կազմակերպությունների հետ և աջակցում ենք տարբեր նախաձեռնությունների, այդ թվում նաև կրթական։

Դեռ շատ բան ունենք անելու առաջիկայում, և գիտենք, որ List.am-ը կատարելագործվելու է, զարգանալու, համալրվելու նոր գաղափարներով և շարունակելու բոլորին օգտակար լինել։

Ինչ վերաբերում է դիզայնի մասին հարցին, ապա դիզայնը սուբյեկտիվ պատկերացում է։ Շատ հաճախ մասսայական օգտագործման արտադրանքներում մեծ փոփոխություններն առաջ են բերում բացասական հետևանքներ։ Մարդիկ սովորությանը ենթարկվող արարածներ են, եթե ինչ-որ բան լավ է աշխատում, ապա միշտ չէ, որ կա այն փոփոխելու անհրաժեշտությունը։

– Արդյո՞ք կա թիմ, որն աշխատում է վերոնշյալ կայքի վրա։

– Իհարկե կա․ list.am-ի վրա աշխատում է հրաշալի ու պրոֆեսիոնալ թիմ։

– Հայ երիտասարդները, ստարտափ ընկերությունների հիմնադիրներն այսօր շատ մեծ կարիք ունեն լսելու ստացված ծրագրերի, հաջողված նախագծերի մասին, որոնք իրականացրել է իրենց ազգակիցը։ Ձեր անցած ուղին նրանց շատ կոգեշնչեր, այդ պատճառով կխնդրեինք պատմել Ձեր ծրագրերի, նախագծերի ու բիզնեսների մասին, որոնք հաջողության են հասել։

– Ես հանդիսանում եմ 6 տարբեր ընկերությունների հիմնադիր, որոնց թվում են երկու խաղային ընկերություններ։ Նրանցից մեկը գնվել է, իսկ երկրորդը՝ CrowdStar-ը, բջջային խաղերի ամենախոշոր ընկերություններից մեկն է։ Վերջինս մեծ եկամուտ է ապահովում և շարունակում է ակտիվ աճել ու զարգանալ։

Եվ, իհարկե, List.am կայքը, որը ստեղծվել է բացառապես հայկական շուկայի համար ու արդեն ապացուցել է, որ նույնիսկ ոչ այնքան մեծ շուկայում հնարավոր է ստեղծել հաջողակ ինտերնետ-նախագիծ։

Բացի այդ՝ ես ներդրումներ եմ կատարում և օգնում եմ ընկերություններին, որոնք, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, լուծում են հետաքրքիր ու կարևոր խնդիրներ։ Օրինակ՝ ընկերություն, որը միացնում է մարդկանց վիրտուալ իրականության միջոցով, ընկերություն, որը խաղալիք-ռոբոտների միջոցով երեխաներին ծրագրավորում է սովորեցնում, ընկերությունը, որն օգտագործում է անօդաչու թռչող ռոբոտներ՝ փրկարարական գործողություններ կատարելու կամ մեծ շինություններ կառուցելու համար, և այլն․․․

– Գաղափարից մինչև բիզնես․ որո՞նք են ստարտափի՝ հաջողության հասնելու գրավականները։

-Հաջողության երաշխիք չի լինում, լինում է ձախողման երաշխիք։ Ես կարող եմ երաշխավորել, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, եթե ոչինչ չանեք։ Այլ խոսքերով ասած՝ երբեք չեք խփի նշանակետին՝ առանց կրակոցի։

Կարող եք մեծացնել հաջողության հասնելու շանսերը, սակայն երաշխիքներ տալ ոչ ոք չի կարող։ Ինչքան շատ աշխատեք, ինչքան շատ տարվեք ձեր նախագծով, մոտիվացված լինեք ու պատրաստ չհանձնվել ՝ շարունակելով առաջ գնալ անկախ ամեն ինչից, այնքան ավելի մեծ կլինեն հաջող արդյունքի հասնելու շանսերը։

Հիշեք, որ ձախողումները շատ արագ են մոռացվում, իսկ հաջողությունները՝ երկար հիշվում։ Բոլոր հաջողակ մարդկանց կյանքը սկսում է անհաջողություններից, բայց նրանք դրա մասին չեն պատմում, այլ դասեր են քաղում ու առաջ քայլում։

Եվ երբեք մի մոռացեք մարդկանց, որոնց հետ Դուք աշխատում եք ու մարդկանց, որոնք օգտագործում են ձեր արտադրանքները։ Ազնվությունն ու արդարությունը պետք է լինեն ցանկացած բիզնեսի հիմքում։ Յուրաքանչյուր մարդ, ով աշխատում է ու օգնում ձեզ, պետք է իրենց նախագծի «համասեփականատեր» զգա։ Գործնականում սա նշանակում է, որ բացառապես յուրաքանչյուր աշխատակից պետք է ունենա ընկերության իր մասնաբաժինը։ Սա կարևոր է ոչ միայն բարոյական մոտիվացիայի, այլև ազնվության տեսանկյունից։

-Դուք հանդիսանում եք Epic! մանկական հավելվածի համահիմնադիր և տնօրեն։ Ինչպե՞ս առաջացավ հավելվածի ստեղծման գաղափարը։ Քանի օգտագործող ունի այն այժմ։

Գաղափարն առաջացավ այն բանից հետո, երբ ես նկատեցի, որ իմ երեխաներին շատ է գրավում iPad պլանշետը։ Օգտագործման հեշտության ու հասանելիության պատճառով էլեկտրոնային սարքերը դարձել են նոր սերնդի կյանքի անբաժանելի մասնիկը։ Սակայն, ցավոք, եթե երեխաները գործնականում առանց որևէ սահմանափակումների կարող են տեսանյութեր ու խաղեր գտնել, նույնը չի կարելի ասել գրքերի պարագայում։ Էլեկտրոնային գրքերը թանկ արժեն, պետք է յուրաքանչյուր գրքի դիմաց վճարել, իսկ ծնողները հաճախ տեղյակ չեն ինչ գրքերի կարիք ունեն իրենց երեխաները և ամենակարևորը՝ ինչ գրքեր են հավանում իրենց երեխաները։

Այս խնդիրն անձամբ առնչվեց ինձ, ու ես տարվեցի այս խնդիրը լուծելու ցանկությամբ։ Իմ նպատակն է ապահովել իսկապես որակյալ գրքերի հասանելիություն մեր մոլորակի բոլոր երեխաների համար։

Ներկա պահին Epic!-ը ծառայություն է, որը հասանելի է տարբեր հարթակների, այդ թվում՝ iOS, Android օպերացիոն համակարգերի ու դիտարկչի համար, և օգնում է երեխաներին արագ կերպով գտնել ու ընթերցել տասնյակ հազարավոր գրքերից յուրաքանչյուրը։ Epic!-ն օգտագործում է համակարգչային խաղերից վերցված տարբեր հնարքներ, որպեսզի երեխաներին դրդի ավելի շատ կարդալ ու տարբեր վիրտուալ պարգևներ է տալիս՝ ընթերցման մեջ հաջողությունների հասնելու համար։

Ծառայությունն օգտագործվում է մեծ թվով դպրոցներում ու ընտանիքներում և հասանելի է  արդեն ավելի քան մեկ միլիոն երեխայի համար։ Սա դեռևս միայն սկիզբն է։

– Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում, ի՞նչ նոր նախագծեր եք պատրաստվում կյանքի կոչել։

Ինչպես յուրաքանչյուրս, այնպես էլ ես, տեսնում եմ շուրջս շատ բաներ, որոնք կցանկանայի փոխել, լավացնել ու ուղղել տեխնոլոգիաների միջոցով։ Գաղափարները միշտ շատ են, և հուսով եմ՝ դրանցից մի քանիսը ապագայում կփորձեմ իրականացնել։

– Ի՞նչ եք կարծում՝ հայաստանյան ՏՏ ոլորտն ունի՞ բավարար ներուժ՝ տեխնոլոգիական լուրջ երկիր դառնալու համար։ Ինչ խնդիրների է, ըստ Ձեզ, անհրաժեշտ ուշադրություն դարձնել։

-Իհարկե, մենք շատ մեծ պոտենցիալ ունենք։ Հայերը ստեղծագործ ու կրեատիվ ազդ են և կարող են շատ բան անել։ Արդեն այժմ Հայաստանում ստարտափների մեծ ալիք է բարձրանում,  արթնանում է ձեռնարկատիրական ոգին ու ստեղծվում են շատ հետաքրքիր ընկերություններ։

Ներքին շուկային ուղղված տեխնոլոգիաների օգնությամբ մենք կարող ենք դեպի լավը փոխել մարդկանց կյանքը։ Սա շատ ավելի հեշտ է անել Հայաստանում, քան ավելի մեծ երկրում։ Հայաստանում մեծ պոտենցիալ կա։

Ի լրումն այս ամենի հայկական ընկերությունները, որոնք աշխատում են դրսի շուկայի վրա, ստեղծում են աշխատատեղեր, երկիրը հարստացնում են նոր կապիտալով, փորձ են ձեռք բերում ու օգնում ամրապնդել Հայաստանի հեղինակությունը՝ որպես բարձր տեխնոլոգիաների երկիր։

Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք կրթության և հատկապես երեխաներին ճիշտ կրթելու վրա, քանի որ նրանք մեր ապագան են ու մեր երկրի ուղեղները։ Պետք է սովորենք աշխատելու ու բիզնես վարելու ճիշտ էթիկան։ Պետք է պատրաստ լինենք ավելի շատ դիմել ռիսկի ու անել այն, ինչ ուրիշները չեն անում։

-Չեք պատրաստվո՞ւմ արդյոք Հայաստանում ստեղծել ստարտափ ընկերություն։

– Հնարավոր է, ժամանակը ցույց կտա։

– Ի՞նչ հոբբիներ ունեք, ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

– Աշխատանքից ազատ ժամանակ սիրում եմ աշխատանքով զբաղվել։ Երբ հոգնում եմ, բազմազանության համար գնում եմ աշխատելու։ Եթե դրանից հետո մի փոքր էլ ժամանակ է մնում, ու ամբողջ աշխատանքն արված է, ապա չձանձրանալու համար, ես աշխատում եմ:

 

Զրուցեց Գայանե Գալստյանը