ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվն անցնում է 2 միլիոնը

Երեկ լրացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության 10 ամյակը: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է օպերատորի մի շարք ցուցանիշներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ շուկայում մասնաբաժինը կազմում է ավելի քան 60%՝ ավելի քան 2 միլիոն բաժանորդներով, որոնցից 1,12 միլիոնն օգտվում է տվյալների փոխանցման ծառայություններից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության ամբողջ տարածքում ունի գործող 92 սպասարկման կենտրոններ, 494 ռոումինգ գործընկերների միջոցով՝ ընկերությունը ռոումինգ ծառայություններ է տրամադրում աշխարհի 196 երկրում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի Հայաստանում ամենաընդարձակ 3.5G ցանցը՝ 615 բնակավայրերում (այդ թվում՝ 48 քաղաքներում) մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող DC HSDPA-ի հասանելիությամբ: 3G ցանցը (ավելի քան 1175 բազային կայան) հասանելի է բնակչության 98,8%-ին, իսկ 2G ցանցի ծածկույթը կազմում է 99,8%:

Հիշենք, որ 2009թ.-ին ընկերությունն առաջին անգամ Հայաստանում գործարկեց ներբեռնման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G/LTE ցանցը:Ներկայումս 4G ցանցը (շուրջ 250 բազային կայանով) հասանելի է բնակչության 45,7%-ին ՝ ներառելով Հայաստանի 7 քաղաք:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 տարիների ընթացքում շուրջ 28,9 միլիարդ դրամ է հատկացրել՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հովանավորության ծրագրերի իրականացման համար: Ընկերության կապիտալ ներդրումները կազմում են ավելի քան 182 միլիարդ դրամ: 2005-2015 թթ.-ի ընթացքում շարժական կապից և հարակից գործունեությունից հասույթը կազմել էավելի քան 675,4 միլիարդ դրամ: Նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես Հայաստանի խոշոր հարկատու, 188,2 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ է կատարել պետական բյուջեի նկատմամբ: Ստեղծման օրվանից մինչ օրս, դառնալով 1400 աշխատակիցներից կազմված թիմ (աշխատակիցների միջին տարիքը 34 տարեկան է), ընկերությունը 66 միլիարդ դրամ է հատկացրել աշխատավարձային ֆոնդին: