Կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաներին և հայոց լեզվին նվիրված աշխատարան

Հունիսի 26-ին և 27-ին Հայաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից և ԱՄՆ-ից հրավիրված 30 փորձագետներ հավաքվեցին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ քննարկելու տեղեկատվական
տեխնոլոգիաների և հայոց լեզվի խաչաձևման արդյունքում ի հայտ եկած մարտահրավերներն ու հնարավորությունները:

«Հայոց լեզվի առաջխաղացումը տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր հաղորդակցման գործիքների միջոցով» խորագրով համաժողովը կազմակերպվել էր Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի և Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղնախաձեռնությամբ:

Համաժողովի նպատակն էր անդրադառնալ հայոց լեզվի և ՏՏ ոլորտի զարգացումների միջև առկա բացին և մշակելու կոնկրետ առաջարկներ և նախաձեռնություններ հայերենի առաջխաղացման համար: Աշխատարանի շրջանակներում գիտնականների և գործարկող մասնագետների լայն համայնքի հետ նաև քննարկում ծավալվեց՝ նախանշելու հիմնական նախագծերը և դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:

Աշխատարանն ընդգրկում էր հետևյալ չորս գլխավոր թեմաները.
• Տեխնոլոգիաներ, ներառյալ լեզվի կորպուսներ, ուղղագրիչներ ու թարգմանչական գործիքներ,
• Ներկայացում, ներառյալ տառատեսակներ, մուտքագրման մեթոդներ և հայերենի ներմուծում օպերացիոն համակարգեր
և հավելվածներ,
• Լեզու, ներառյալ բառարաններ և դասավանդման գործիքներ,
• Բովանդակություն, ներառյալ հայերենի կիրառումը նոր առցանց մեդիա հարթակներում և ժանրերում:
Մասնակիցների թվում էին լեզվաբաններ, ՏՏ մասնագետներ, գրողներ, ուսուցիչներ, տառաստեղծներ և հրատարակիչներ, ովքեր ներկայացնում էին թե’ արևելահայերենը, և թե’ արևմտահայերենը:

Աշխատարանի առաջին օրվա ընթացքում մասնակիցները ելույթների և խմբային քննարկումների միջոցով վերլուծեցին յուրաքանչյուր բնագավառում առկա իրավիճակը, հիմնախնդիրները և կարևոր զարգացումները:

Երկրորդ օրը նվիրված էր որոշակի նախագծերի մշակմանը՝ անդրադառնալով դրանց խնդիրներին և իրականացման մանրամասներին, ինչպես նաև դրանց իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներին: Գործընթացի արդյունքում ծնվեց չորս բնագավառներն ընդգրկող մի քանի նախագիծ, որոնց սղագրերը կհրապարակվեն առցանց՝ խրախուսելու շահագրգիռ կողմերի մասնակցությունը դրանց քննարկմանը և վերանայմանը, հետագա մշակմանը և մարդկային, ինստիտուցիոնալ և ֆինանսական ռեսուրսների հայթայթմանը: Աշխատարանի վերաբերյալ հաշվետվությունը ևս հասանելի կլինի շուտով:

Աշխատարանը համակարգում էին Թումոյի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը: Աշխատարանը կազմակերպվել է հիմնադրամի’ «Հայերը՝ 2115-ին» միջոցառումների շարքի շրջանակներում: