Հայկական ՏՏ պատվիրակությունը Եթովպիայում է

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն այս օրերին գտնվում են Եթովպիայում։ Այս մասին տեղեկանում ենք ԻՏՁՄ-ից։

Գործարար այցի նպատակն է հանդիպել Եթովպիայի պետական ոլորտի և մասնավոր ընկերությունների ղեկավարների հետ, ծանոթանալ ՏՏ շուկայի հնարավորություններին և ստեղծել համագործակցության եզրեր երկու երկրների միջև: Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են Եթովպիայի Կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Գիտության և տեխնոլոգիաների,  Առողջապահության նախարարներին, Եթովպիայի միակ հեռահաղորդակցության օպերատոր Էթիոտելեկոմի, Եթովպիայի ռազմարդյունաբերության և տեղեկատվական անվտանգության պատասխանատու կազմակերպությունների ղեկավարների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

«Հանդիպումներն ընթանում են շահագրգիռ և գործնական մթնոլորտում: Մեր այցելած բոլոր հաստատություններում արդեն նշանակված են ԻՏՁՄ-ի հետ համագործակցության գծով պատասխանատուներ: Հույս ունենք, որ հայկական ընկերությունները ակտիվորեն կներգրավվեն և հետևողական աշխատանք կտանեն համագործակցության զարգացման ուղղությամբ»,- նշել է ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, ով ղեկավարում է Եթովպիա մեկնած պատվիրակությունը: