Գործարկվել է «100 ՏԱՐԻ, 100 ԱՐՎԵՍՏ» նախագծի պաշտոնական կայքը

Ս.թ. հուլիսի 16-ին, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «100 ՏԱՐԻ, 100 ԱՐՎԵՍՏ» նախագծի շրջանակներում, Էյվա արվեստների հիմնադրամը մեկնարկեց www.100years100arts.com կայքը՝ համալրված հայ հայտնի արվեստագետների 100 արվեստի գործով: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս կայքը հանդիսանում է մի կայուն սոցիալական դաշտ, որի շնորհիվ աշխարհին կներկայացվի ոճրագործության փաստը՝ արվեստի լեզվով:

Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: 1915- 2015 թթ.-ին ստեղծված հայ հայտնի արվեստագետների աշխատանքերը դասակարգված են ըստ ժամանակաշրջանի և ներկայացված են 100 ԱՐՎԵՍՏ բաժնում որպես հիմնական ցուցադրություն: Կայքում առկա է նաև առանձին բաժին՝ ՑՈՒՑԱԴՐԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ անվանումով, որտեղ յուրաքանչյուր արվեստագետ, ազատ ստեղծագործող անհատ, անկախ իր ազգությունից, կարող է վերբեռնել Հայոց Ցեղասպանության թեմայով արվեստի իր ստեղծագործությունը:

«100 ՏԱՐԻ, 100 ԱՐՎԵՍՏ» կայքը պատրաստվել է Zoom Graphics (www.zoom.am) ընկերության աջակցության շնորհիվ: