ԴիջիՔեմփ․ շնչուղիների ֆիլտր՝ նախատեսված ալերգիկ մարդկանց համար

ԴիջիՔեմփ․ շնչուղիների ֆիլտր՝ նախատեսված ալերգիկ մարդկանց համար

Դիլիջանում անցկացված ԴիջիՔեմփ նորարարական ճամբարի շրջանակներում Քինթ թիմը ներկայացրեց շնչուղիների ֆիլտր, որը հնարավորություն կտա շնչել առանց բարդույթների՝ օդի ֆիլտրման միջոցով։ Այսինքն՝ սարք, որ ճկուն է և հարմար, փոքր չափսերի, այն տեղավորվում է քթի մեջ՝ չպատճառելով անհանգստություն, ֆիլտրում է օդը, ազատում օտարածին նյութերից, խոնավացնող ֆունկցիա է կատարում այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են շնչել չոր կլիմայի պայմաններում։ Սարքը կարող է նաև օգտագործվել բուժիչ նպատակներով՝ յոդի, աղի օգտագործմամբ, որոնց ներշնչումը օգտակար է, բուժիչ ու առողջարար։ Գաղափարի հեղինակը Մերի Գրիգորյանն է, իսկ թիմի անդամներն են Վազգեն Զոհրանյանը, Տիգրան Հակոբյանը, Վահագն Զարգարյանն ու Մարիամ Գասպարյանը։

Մերին ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլտրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ալերգիկ են օտարածին նյութերի ներթափանցման հանդեպ: Այն կլինի սեզոնային պրոդուկտ, կրելու հաճախականությունը կորոշի ինքը սպառողը։ Ֆիլտրի ցանցը պատված կլինի բժշկական ժելատինով, որը չի թողնի ալերգենները թափանցեն շնչուղիներ։

Առայժմ ֆիլտրը միայն կոնցեպտ է, և Քինթ թիմը կաշխատի այն իրականություն դարձնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ճամբարի նպատակն է աջակցել ինովացիոն գաղափարներ ունեցող 14-22 տարեկան երիտասարդներին իրենց առաջին քայլերն անելու ձեռներեցության ոլորտում՝ ճամբարի 10 օրերի ընթացքում նրանց մատուցելով համապատասխան գիտելիքներ, հետագայում աջակցելով նրանց սեփական բիզնեսի գրանցման գործում, ինչպես նաև հնարավորություն տալով մասնակցություն ունենալ և ներկայանալ տարբեր խոշոր միջոցառումներին (օր.՝ ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդես, ԴիջիԹեք Բիզնես ֆորում և այլն) օգնել նրանց գտնել գործընկերներ: Ոլորտի բարձրակարգ մասնագետների մատուցած դասընթացները, ինչպես նաև նրանց հաջողության պատմությունները կլրացնեն ճամբարի գործնական և արդյունավետ բովանդակությունը:

Իսկ թե ովքեր ճանաչվեցին ճամբարի հաղթողներ, կարդացեք այստեղ։

 

Բաժիններ: Ինովացիա, Հայաստան