Motorola-ի առաջատար սմարթֆոնը կներկայացվի հուլիսի 28-ին

Motorola ընկերությունը հրավեր է ուղարկել լրատվամիջոցներին՝ մասնակցելու նոր սարքերի շնորհանդեսին, որը տեղի կունենա հուլիսի 28-ին։ Թե կոնկրետ ինչ սարք կներկայացվի միջոցառմանը, Lenovo ընկերությանը պատկանող Motorola-ն չի մանրամասնել։

Հրավերում նշված է, որ ընկերությունը կներկայացնի այնպիսի սարք, որը կփոխի մարդկանց կյանքը։ Ոչ պաշտոնական ինֆորմացիայի համաձայն՝ Motorola-ն կներկայացնի նվազագույնը չորս նոր սմարթֆոն։ HelloMotoHK անունով օգտատերը մի քանի օր առաջ Google+ սոցցանցում հրապարակել է նկար, որի վրա պատկերված են մի քանի սարքեր, դրանցից երկուսը նման են Moto X-ին ու Moto G-ին։

Վերջին տարիներին ընկերությունը ներկայացնում է իր նոր գաջեթները օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, այդ պատճառով մեծ հավանականություն կա, որ նորույթները կներկայացվեն հուլիսի 28-ին կայանալիք միջոցառմանը։

Աղբյուրը՝ The Verge