Bartly հայկական հավելվածը թույլ կտա փոխանակել ոչ պիտանի իրերը

Bartly հայկական հավելվածը թույլ կտա փոխանակել ոչ պիտանի իրերը

Թողարկվել է հայկական Bartly բջջային հավելվածը, որը նախատեսված է ավելորդ իրերը փոխանակելու և փոխարենն անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար։ Ընկերության մարքեթինգ մենեջեր Լուսինե Շախոյանը ittend.am-ի հետ զրույցում նշեց, որ Bartly-ն առայժմ հասանելի է միայն iOS-սարքերի համար, իսկ Android-տարբերակը կթողարկվի այս տարվա ընթացքում:

«Bartly-ի ստեղծման գաղափարը առաջացավ նրանից, որ մոտս կուտակվել էին մի շարք իրեր, որոնք ինձ այլևս պետք չէին, բայց որոնք ափսոսում էի դեն նետել: Տեսնելով, որ չկա հարթակ, որի միջոցով կարելի է ազատվել անպիտան իրերից և փոխարենը ստանալ քեզ համար անհրաժեշտ մի բան, որոշեցի ինքս ստեղծել այն»,-պատմեց Bartly-ի համահիմնադիր և տնօրեն Գոռ Նագդալյանը։

«Bartly-ի հաջորդ տարբերակում նախատեսում ենք ավելացնել «public comment» գրելու հնարավորություն, որը թույլ կտա կոնկրետ ապրանքով հետաքրքրված օգտատերին հարց տալ և հստակեցումներ ստանալ վերջինիս մասին: Սպասվում են նաև այլ ավելացումներ, որոնց մասին դեռ վաղ է խոսել։ Հետագայում պատրաստվում ենք նաև պատրաստել web-app, որը կունենա բջջային հավելվածի ֆունկցիոնալությունը»,-հավելեց ընկերության տնօրենը։

Հավելվածի մշակման վրա աշխատում են մի խումբ երիտասարդ ձեռներեցներ և ծրագրավորողներ, որոնք նախկինում աշխատել են այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են Spotify-ը, Flipboard-ը, ինչպես նաև հիմնել են իրենց կազմակերպությունները խորհրդատվության, միջոցառումների կազմակերպման և հեռախոսային հավելվածների ստեղծման ոլորտներում:

Նշենք, որ հավելվածը շուտով հասանելի կլինի նաև Բեռլինում ու Սան-Ֆրանցիսկոյում: Ըստ Լուսինեի՝ այս երկու քաղաքները լավագույնն են արտահայտում Արևմտյալ Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդկանց վարքագիծը, ինչպես նաև համարվում են իրենց տարածաշրջաններում լավագույնը ՏՏ ոլորտի startup-ների համար: