Հաքերները կոտրել են անհավատարիմ ամուսինների համար նախատեսված Ashley Madison կայքը

Հաքերները կոտրել են անհավատարիմ ամուսինների համար նախատեսված Ashley Madison կայքը

Հաքերները գողացել են ծանոթությունների համար նախատեսված Ashley Madison կայքի օգտագործողների տվյալները և դրանցից մի քանիսը տեղադրել ինտերնետում։ Նշենք, որ սա աշխարհի ամենամեծ կայքերից մեկն է, որը նախատեսված է ամուսնացած մարդկանց համար, ովքեր փնտրում են նոր արկածներ ու ծանոթություններ։

Հաքերների հարձակման մասին հայտնել է Krebs on Security ընկերությունը, իսկ Ashley Madison-ով զբաղվող Avid Life Media ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխատում են ջնջել ինտերնետից հրապարակված տվյալները։

The Impact Team անվան տակ թաքնվող հաքերներն իրենց հերթին հայտնել են, որ բազան կոտրել են Avid Life Media  ընկերության խաբերությունները ցուցադրելու նպատակով։ Այսպես, կայքում կա օգտատիրոջ հաշիվն ամբողջությամբ ջնջելու հնարավորություն, որի դիմաց պետք է վճարել 19 դոլար։ Հաքերները հայտնաբերել են, որ նույնիսկ վերոնշյալ քայլին դիմելուց հետո տվյալները շարունակում են պահպանվել բազայում։

Ընդ որում՝ տվյալները ջնջելու հնարավորությունը շատ հաճախ է օգտագործվում, և միայն 2014-ի ընթացքում այն 1,7 միլիոն դոլար եկամուտ է բերել։ Օգտագործողները գրեթե միշտ վճարումը կատարում են կրեդիտային քարտով,  ինչը նշանակում է, որ պահպանվում են նաև իրական անունն ու հասցեն։

Հաքերները պահանջում են վերացնել Ashley Madison և նմանատիպ Established Men կայքը, այլապես սպառնում են հրապարակել օգտագործողների բոլոր տվյալները՝  անունները, դրամային փոխանցումները, նամակագրությունը և այլն։

Աղբյուրը՝ Krebs on Security