ԴիջիԹեք Էքսպոն այս տարի կկայանա հոկտեմբերի 2-4-ը

ԴիջիԹեք Էքսպո միջազգային բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսն այս տարի կկայանա հոկտեմբերի 2-4-ը։ Ամենամյա միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 2005թ․: ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:

Մասնակից ընկերությունները հնարավորություն ունեն 30 հազարից ավել այցելուներին ներկայանալու, ձեռք բերելու գործընկերներ և պատվերներ։ Հնարավորություն է ստեղծվում տեղում գտնելու բարձրակարգ ՏՏ մասնագետներ (աշխատուժի զարգացում), ձեռք է բերվում ուղղակի վաճառքի, ինչպես նաև աշխատակազմի թիմային պատասխանատվության և փոխհամագործակցության մեծ փորձ։

Ցուցահանդեսը մեծ հնարավորություն է տալիս նաև սեմինարների և գործարար միջոցառումների միջոցով շատ ավելի մեծ լսարանին մանրամասն ներկայացնելու նոր լուծումներ, տալ պարզաբանումներ և այլն։

Միջոցառման շրջանակներում կանցկացվեն ԱրմՌոբոտիքսի՝ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, «Ռոբոտներն առօրյայում»՝ առօրյա խնդիրներ լուծող ռոբոտների փառատոն, «Բաց խաղ»համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն, Խաղային Հեքեթոն, ԴիջիԼայֆ սեմինարների շարք՝ «Տեխնոլոգիաների կիրառումն առօրյայում և բիզնեսում» թեմայով։