Օրերս հայտնի դարձավ, որ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը որոշում է կայացրել «ԱԱՏՎՔ» փակ բաժնետիրական ընկերության հետ միացման ճանապարհով վերակազմակերպման մասին։ Թե ինչ նպատակ ունի այս վերակազմավորումը և որքանով սա կապ ունի Orange Armenia-ի բաժնետոմսերն ամբողջությամբ գնելու հետ, ittrend.am-ը փորձեց պարզել «ՅՈՒՔՈՄ»-ի հանրային կապերի մասնագետ Նաիրա Կարմիրշալյանից։
– Ի՞նչ գործունեություն է ծավալում վերոնշյալ «ԱԱՏՎՔ» ՓԲԸ-ն։
-«ԱԱՏՎՔ» ՓԲԸ-ն հանդիսանում է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող ընկերություն:
– Ինչո՞ւ է «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը որոշում կայացրել «ԱԱՏՎՔ» փակ բաժնետիրական ընկերության հետ միացման ճանապարհով վերակազմակերպվել։
– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հանդիսանում է «ԱԱՏՎՔ» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերը՝ «ԱԱՏՎՔ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելու միջոցով «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմակերպման նպատակն է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի էլ ավելի բարելավումը, դրանց մատուցման ծավալների ընդլայնումը, ինչպես նաև՝ գործունեության կենտրոնացման և առավել արդյունավետ ղեկավարման ապահովումը:
– Վերակազմակերպումը որևէ կապ ունի՞ Orange Armenia-ի բաժնետոմսերն ամբողջությամբ գնելու հետ։
– Վերակազմակերպումը որևէ կապ չունի վերոնշյալ բանակցությունների ընթացքի հետ:
– Քանի՞ աշխատակից ունի այժմ ընկերությունը, և քանիսը կունենա Orange Armenia-ի բաժնետոմսերի գնման գործընթացն ավարտելուց հետո։
– «Յուքոմ» ընկերությունն այժմ ունի 800 աշխատակից: Բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության աշխատակազմի ներուժը:
– Ի՞նչ նոր հնարավորություններ կտա «ՅՈՒՔՈՄ»-ին Orange Armenia ընկերության ձեռքբերումը։
Բաժանորդներին կմատուցվեն գերժամանակակից և որակապես տարբերվող կոնվերգենտ ծառայություններ, ինչպես նաև լրացուցիչ հարմարավետություն՝ մեկտեղելու բազմազան ծառայությունները և օգտվելու հեռահաղորդակցման ծառայությունների ողջ սպեկտրից մեկ վստահելի օպերատորից: