Հայտնի է դարձել նոր iPhone-ի, iPad-ի ու Apple TV-ի շնորհանդեսի օրը

Apple ընկերությունը կներկայացնի նոր iPhone-ը, iPad-ն ու Apple TV-ն սեպտեմբերի 9-ին։ Այս մասին գրում է BuzzFeed կայքը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի iPhone 6-ն ու 6 Plus-ը ևս ներկայացվել են նույն օրը, իսկ iPad-ի նոր մոդելները մեկ ամիս անց։ Ըստ աղբյուրի՝ այս տարի պլանշետները կներկայացվեն նոր սերնդի սմարթֆոնի հետ միասին։

Նոր iPhone-ները վաճառքում կհայտնվեն ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին, սակայն հնարավոր է՝ Apple-ը խուսափի այս ամսաթվից՝ 2001 թվականի այս օրը Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով։

Սպասվում է նաև, որ ընկերությունը կներկայացնի Apple TV սարքը, որը համալրված կլինի A8 պրոցեսորով, ավելի մեծ ներքին հիշողությամբ և կատարելագործված հեռակառավարման վահանակով։

Ինչ վերաբերում է նոր iPhone-ներին, ապա դրանք կկոչվեն iPhone 6s և iPhone 6s Plus, որոնց հիմնական նորամուծությունը կլինի Force Touch (հպման ուժգնություն) տեխնոլոգիայի ապահովումը։

Աղբյուրը՝ BuzzFeed