Հայաստանում կստեղծվի տեխնոլոգիական կենտրոնների ցանց

2014 թ. գործարկված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի օրինակով այժմ իրականացվում է Վանաձոր քաղաքի համանման կենտրոնի հիմնման ծրագիրը: Այլ մարզերում ևս նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ և ձևավորել դրանց միասնական ցանց: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) ճանաչվել է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ծրագրերի իրականացման գլխավոր օպերատոր: Գյումրու կենտրոնում գործում է 13 տեղական և միջազգային տեխնոլոգիական կազմակերպություն: Կառավարության որոշմամբ լրացում է կատարվել նախկին որոշումներից մեկում, ինչը ՁԻՀ-ին հնարավորություն կտա կենտրոնում տեղադրված կազմակերպություններին տարածք տրամադրել վարձակալության իրավունքով:

Գործադիրը սահմանել է պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձևավորման, պահպանման, բացթողնման կարգը: Այն հնարավորություն է տալիս կարգավորել պաշարի ձևավորումը ինչպես պետբյուջեի, այնպես էլ միջազգային ծրագրերի և նվիրատվությունների, օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, մեծացնել մարդասիրական օգնություն ցուցաբերելու, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման նպատակով պահանջվող ապրանքների բացթողնման օպերատիվությունը: