4Car.am-ն ունի արդեն ավելի քան 50 հազար օգտագործող (հարցազրույց)

4car.am-ը Հայաստանի ամենամեծ վարորդական հարթակն է, որն իր օգտատերերին առաջարկում է այնպիսի անհրաժեշտ ծառայություններ, ինչպես բջջային հեռախոսով և օնլայն երթևեկության խախտումների ծանուցումը, կայանատեղիների գնումը, օնլայն ընդարձակ ավտոշուկա, ուր անհատները և դիլերները վաճառում են հազարավոր նոր և օգտագործված ավտոմեքենաներ, ավտոդպրոց՝ թեսթերով և վարորդական խաղերով, երթևեկությանն առնչվող օրենքներն ու կանոնները և այլն:

2015թ.-ից 4car.am-ն իր գործունեությունը տեղափոխել է Գյումրի, ուր վերջին տարիներին զարգացում ապրած ՏՏ միջավայրը և համապատասխան բարձակարգ մասնագետների առկայությունն առաջարկում են նոր և բացառիկ հնարավորություններ ընկերության առաջընթացի համար: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված ընկերությունը հիմնականում աշխատում է հարթակի տեխնոլոգիական որակի բարելավման, նոր ֆունկցիաների ամրապնդման և օգտատերերի բազայի ընդլայնման ուղղությամբ: Ընկերությունը Գյումրիում ունի 5 աշխատակից, որոնցից 3-ը գյումրեցիներ են:

Լևոն Եղյան
Լևոն Եղիյան

4car.am-ի ստեղծման պատմությունը, հետագա զարգացումները ներկայացրեց ընկերության գործադիր տնօրեն Լևոն Եղիյանը:

— Ինչպե՞ս առաջացավ միտքը ստեղծելու նման ընկերություն։

— 4car.am-ը ստեղծվել է 2012թ. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի երիտասարդ մասնագետների կողմից: Հարթակի հեղինակները, մշտապես խնդիրներ ունենալով կապված իրենց ճանապարհատրանսպորտային խախտումների ծանուցումները ստանալու և մեքենայի համար տարբեր ծառայություններ գտնելու հետ, պարզապես որոշեցին ստեղծել կայք, ուր բոլոր վարորդները կարող են գրանցվել, ստանալ մոբայլ ծանուցումներ խախտումների մասին՝ խուսափելով դրանց կուտակումներից ու տուգանքներից, և տարբեր տեղեկություններ ու խորհուրդներ փոխանակել: Մենք մտածեցինք, որ եթե ստեղծենք կայք, որը մեզ օգնում է լուծել մեր խնդիրները, ապա այն նույնքան օգտակար կլինի նաև մեքենա ունեցող այլ մարդկանց համար, և կարող է հաջողված ծրագիր դառնալ:

4car2

Գործարկումից ընդամենը երեք տարի անց 4car.am-ը ոչ միայն լիարժեք հասել է իր նախնական նպատակներին, այլև դարձել է Հայաստանի ամենամեծ և ամենարագ աճող կայքը, որում արդեն գրանցված են ավելի քան հիսուն հազար վարորդներ, և ամեն օր հարյուրավոր նորերն են գրանցվում: Ստեղծման սկզբնական շրջանում հարթակն ընդամենը շփման օղակ էր վարորդների միջև: Օրինակ, այլ անձի ավտոտնակի մուտքը փակած մեքենայի վարորդին ժամերով սպասելու փոխարեն, կարելի է պարզապես բջջային հաղորդագրություն ուղարկել այդ մեքենայի պետհամարանիշով և վարորդն անմիջապես կստանա ձեր «Խնդրում եմ մեքենան այլ տեղ կայանել» բջջային հաղորդագրությունը, իհարկե, եթե երկու վարորդներն էլ գրանցված են 4car.am-ում:

Սակայն այդքանով բավարարվել չէր կարելի, պետք էր ընդլայնել ծառայությունները: Բարեբախտաբար, թե պետական մարմինները՝ ճանապարհային ոստիկանությունը, քաղաքապետարանը, թե մասնավոր ընկերությունները՝ բջջային օպերատորները, դիլերները և այլն, ոգևորությամբ արձագանքեցին համագործակցության մեր առաջարկին, հստակ հասկանալով այն առավելությունները և հարմարավետությունը, որը կայքն առաջարկում է վարորդական հանրությանը տեղեկություններ և ծառայություններ տրամադրելու հարցում:

Այսօր արդեն, հարթակն իր ծառայությունների շրջանակն անհամեմատ մեծացրել է, առաջարկելով այնպիսի անհրաժեշտ ծառայություններ, ինչպես բջջային հեռախոսով և օնլայն երթևեկության խախտումների ծանուցումը, կայանատեղիների գնումը, պաշտոնական Carfax համակարգ, որի միջոցով ավտոգնորդները կկարողանան ստուգել գնվող մեքենայի պատմությունը, օնլայն ընդարձակ ավտոշուկա ուր անհատները և դիլերները վաճառում են հազարավոր նոր և օգտագործված ավտոմեքենաներ, ավտոդպրոց՝ թեսթերով և վարորդական խաղերով, երթևեկությանն առնչվող օրենքներն ու ակտերը և այլն:

– Այս տարի Դուք դարձել եք Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթողներից մեկը: Ի՞նչ է տվել մրցույթը Ձեզ և առաջիկայում ի՞ նչ զարգացումներ են սպասվում ընկերությունում:

– Մրցույթին հաղթելը երկակի կարևորություն ունեցավ 4car.am-ի համար: Նախ սա հիանալի հնարավորություն էր համեմատական անցկացնելու ՀՀ-ում գործող այլ առաջնակարգ ու մրցունակ ստարտափների հետ, արժանանալու երկրի ամենաառաջադեմ մասնագետների և ներդրողների վստահության, և այդպիսով մեկ անգամ ևս վավերացնելու մեր ընկերության ձեռքբերումները և առաջընթացը: Երկրորդ՝ մրցույթի արդյունքում տրամադրվող դրամաշնորհը արագ և լայնածավալ քայլերի հնարավորություն է ստեղծում, ինչը մինչ այս անհնար էր:

Մենք արդեն սկսել ենք աշխատանքները նոր և կարևորագույն ֆունկցիաների ներդրման ուղղությամբ, որոնք ոչ միայն կհեշտացնեն կայքից օգտվելը, այլև կամբողջականացնեն մեր ծառայությունների բազան: Ամենամոտ ապագայում մեր օգտատերերը կկարողանան օնլայն ստանալ և վճարել իրենց մեքենաների գույքահարկերը: Ներկայումս նաև աշխատանքներ են տարվում Փարքինգ Սիթի Սերվիս ընկերության հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ, որի արդյունքում մեր օգտատերերը կկարողանան օնլայն և մոբայլ ստանալ կայանատեղիների խախտումներն ու վճարել դրանք: Նման ծանուցումները, չնայած դրանք պաշտոնական չեն համարվում և չեն փոխարինում թղթային ծանուցումներին, սակայն հնարավորություն են տալիս շատ ավելի շուտ իմանալ խախտումների մասին և խուսափել ավելորդ կուտակումներից ու տուգանքներից: Լիակատար փոփոխության կենթարկվի նաև կայքի դիզայնը՝ այն կներկայանա օգտատերերին առավել հարմարավետ և կազմակերպված տեսքով: Դրամաշնորհը նաև հնարավորություն է տվել մի շարք գործողություններ ձեռնարկել շուկայի ընդլայնման ուղղությամբ՝ բարձրացնելով ինչպես նոր օգտատերերի ներգրավման տեմպերը, այնպես էլ կայքի հաճախելիության և օգտագործման ցուցանիշները:

– Ըստ Ձեզ՝ Հայաստանում սկսնակ ըկերություններին տրամադրվո՞ւմ է անհրաժեշտ աջակցությունը, թե ոչ:

Այո տրամադրվում է, մասնավորապես ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին պետությունը տրամադրում է մի շարք կարևոր հարկային արտոնությունները, որոնք էապես հեշտացնում են գործունեությունը և հավելյալ հնարավորություն ստեղծում գործունեության սկզբնական ու ամենադժվար շրջանում ձախողումից խուսափելու և որոշակի կայունության հասնելու համար:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) ներկայումս տեղակայված են և ակտիվ գործունեությունն են ծավալում տեխնոլոգիական ոլորտի շուրջ 20 կազմակերպություններ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: