Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ամառային օրերին ևս ապահովում է որակյալ կրթություն աշակերտների համար

Գյումրի քաղաքի տարբեր դպրոցներից շուրջ 200 աշակերտ մասնակցում են «Ամառային դպրոց» ծրագրին, որն իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում։

Ծրագրի շնորհիվ, որը մեկնարկել է օգոստոս ամսին և տևելու է մինչ սեպտեմբեր, աշակերտները սովորում են վեբ ծրագրավորում (HTML, CSS, Adobe Photoshop, Corel Draw) և խաղեր են պատրաստում KODU միջավայրում:

Ամառային դպրոցի մասնակից Ակադեմիական վարժարանի սան Հայկ Պապոյանը կիսվում է իր տպավորություններով․ «Մի քանի պարապմունք է, ինչ հաճախում եմ և սովորում կայքերի դիզայն պատրաստել: Շատ է դուր գալիս այստեղի մթնոլորտը: Դասընթացը ավարտելուց հետո շարունակելու եմ այս ուղղությամբ, ու հենց ԳՏԿ-ում որոշել եմ խորացնել գիտելիքներս»:

Վերոնշյալ դասընթացների շնորհիվ աշակերտների մոտ կզարգանան թիմում աշխատելու, գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացների ընթացքում աշակերտները բաժանվել են թիմերի և աշխատում են համատեղ նախագծերի վրա: Ամառային դպրոցի ավարտին համապատասխան դասընթացներին մասնակցած աշակերտները կներկայացնեն իրենց կողմից պատրաստած կայքերը, խաղերը:

«Ես խիստ դրական եմ համարում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի առկայությունը Գյումրիում: Մեր քաղաքի համար բավականին հեռանկարային դաշտ է ստեղծում, հատկապես երիտասարդության համար: Ի սկզբանե համագործակցել ենք Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ՝ տարբեր ծրագրերի շրջանակներում: Մեր դպրոցի աշակերտները ինֆորմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների հետ այցելել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, տարբեր լաբորատոր աշխատանքներ են կատարել կենտրոնի լաբորատորիաներում: Ասեմ, որ բոլոր ծրագրերը աշակերտների կողմից մեծ ոգևորությամբ են ընդունվել: Այժմ, մեր դպրոցից մեծ թվով աշակերտներ ներգրավված են «Ամառային դպրոց» ծրագրի մեջ: Նման ծրագրերը կարևոր նշանակություն ունեն դպրոցների համար: Ցանկանում եմ, որ ծրագրերը լինեն շարունակական»,-նշում է Գյումրու թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը:

Տեղեկացնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն բաղադրիչներից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի իրականացումը: Կենտրոնը, հիմնվելով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից, նպատակ է հետապնդում Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: