ArmIGF․ ինչպես գրանցել դոմեյն «.հայ» հայատառ տիրույթում

Անի Պլազայում շարունակվում է ArmIGF ինտերնետ կառավարման համաժողովը, որին մասնակցում են ICANN-ի փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, Սերբիայի ազգային Ինտերնետ դոմենի ռեգիստրի (RNIDS) նախագահ Դուշան Ստոյիչևիչը, Հայաստանի ինտերնետ հանրություն հկ-ի վարչության անդամներն ու տեղական ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։

Հայաստանի ինտերնետ հանրության հկ-ի վարչության անդամ Լիաննա Գալստյանը միջոցառմանը ներկայացրեց «.հայ» դոմենային տիրույթի անցած ճանապարհն ու հիշեցրեց, որ առաջնային գրանցումն արդեն մեկնարկել է և վերջինիս նպատակն է առաջնային գրանցման հնարավորություն տալ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերին:

«Ազգային հայատառ դոմեյն ունենալն ունի շատ ավելություններ․ այն կբարձրացնի հայերենի իմացության մակարդակը, կխթանի հայատառ բովանդակության ստեղծումը, կհամախմբի աշխարհի տարբեր անկյունների հայերին, կնպաստի սմարթֆոններով հայատառ շփմանը»,-նկատեց Լ․Գալստյանը։

Առաջնային գրանցումը կատարվում է առցանց, հայտի դիտարկման արժեքը 5000 դրամ է, իսկ  առաջնային գրանցման փուլը կտևի մինչև 2015թ. նոյեմբերի 30-ը: Դոմենային անունը, որի համար հայտ է ներկայացվում, պետք է համապատասխանի ՀՀ-ում գրանցված ապրանքանիշին, ֆիրմային անվանմանը, մտավոր սեփականության այլ օբյեկտներին: