Zangi-ն ԴիջիԹեքում կներկայացնի բացառիկ լուծումներ

ԴիջիԹեք-2015 տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսի առանձնահատկություններից է այն, որ ի թիվս բազմաթիվ ՏՀՏ ընկերությունների՝ կներկայացվեն նաև հայկական այն ձեռնարկությունները, որոնք միջազգային շուկայում արդեն իսկ ունեն լուրջ հաջողություններ՝ PicsArt, Zangi, Joomag, Triada Studio և այլն։ Այս ընկերություններն ու նրանց ներկայացուցիչները ՏՀՏ համայնքին հաղորդակից կդարձնեն իրենց հաջողության պատմություններին՝ ներկայացնելով աշխարհում մեծ ճանաչում ունեցող սեփական լուծումները։

Zangi. հայկական բառ՝ արևմտյան հնչողությամբ։ Տեխնոլոգիական այս ընկերությունը գործում է արդեն 6 տարի, Zangi անվամբ շուկայում է վերջին 2 տարում։

Հայ ծրագրավորողների Zangi հավելվածով հնարավոր է իրականացնել տեսա և ձայնային զանգեր, ինչպես նաև ուղարկել ինտերակտիվ հաղորդագրություններ, լուսանկարներ ու տեսանյութեր: Սկսել են ակտիվորեն շուկա մուտք գործել այս տարվանից։ Zangi-ն այժմ ունի մոտ 220 հազար բաժանորդ. մոտ 50 տոկոսն արտասահմանցիներ են, 50-ը՝ հայեր։

Հավելվածն անվճար հասանելի է Android և iOS համակարգերով աշխատող մոբայլ սարքերի համար: Ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ իրենց հավելվածի թիրախ խումբ են տեսնում աշխարհի 11 միլիոն հայերին, և փորձում են առաջին հերթին հենց այդ շուկային հասանելի դարձնել Zangi-ն։ ԴիջիԹեքն էլ այն հարթակներից է, որով կպատմեն իրենց պրոդուկտի մասին։

Վահրամ Մարտիրոսյանը նկատում է, որ նման լուծումները պարունակում են բարդ տեխնոլոգիաներ, և մեր ընկերությունը հասել է դրան։ Օրինակ` Ռուսաստանի համար, որ ունի զարգացած ՏՀՏ ոլորտ, նման պրոդուկտ ստեղծելը դժվարություն է։ «Հայաստանում փոքր թիմով կարողացել ենք ստեղծել մի հավելված, որը մրցունակ է աշխարհում։ Այսպիսի տեխնոլոգիա աշխարհում ստեղծել և տիրապետում են ընդամենը 5-6 ընկերություն»,- ասում է Zangi-ի հիմնադիրը։ Նա նաև տեղեկացնում է, որ ԴիջիԹեքում ներկայանալու են տպավորիչ լուծումներով. «Հուսով եմ՝ մեր տաղավարի մոտ մարդկանց հոսքը հոծ կլինի։ 2014-ին ցուցահանդեսն ունեցել է մոտ 35 հազար այցելու, այս տարի ավելի մեծ են ակնկալիքները։ Մեր դիտարկումները նույնպես վկայում են, որ հետաքրքրությունը տեխնոլոգիական այս միջոցառման նկատմամբ բավականին մեծ է։ Ուստի մենք տեսնում ենք մի քանի տասնյակ հազար պոտենցիալ հաճախորդ, ում կարող ենք հայկականացված, տեղայնացված պրոդուկտը ներկայացնել»։

Zangi-ն ունի հասանելիության, ձայնի և պատկերի որակական մեծ առավելություններ, հայկական սթիքերներ, որոնք մեր տեղական տարբերակը դարձնում են առավել գրավիչ։

Վահրամ Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ ԴիջիԹեքին ցուցադրելու են ինչպես Zangi հավելվածը, այնպես էլ ընկերության այլ տեխնոլոգիաներ՝ տեսակոնֆերանս, անվտանգության լուծումներ՝ կորպորատիվ հաճախորդներին սպասարկելու համար։ Ընդ որում, ներկայացվելիք տեսակոնֆերանս գործիքը նոր խոսք է ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տեխնոլոգիական շուկայում։ Zangi-ի թիմը, ԴիջիԹեքին մասնակցելով, ակնկալում է հանդիպել նաև ներդրողների։

Հիշեցնենք, որ 11-րդ ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։ Ամենամյա տեխնոլոգիական այս տոնը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։ Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։