ԴիջիԹեք 2015-ին սպասվում է 40 հազ․ այցելու

11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել տեղական և միջազգային ընկերությունների շրջանում: Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 130 ընկերություն, իսկ այցելուների քանակը կանխատեսվում է, որ կգերազանցի 40 000-ը:

Եռօրյա տեխնոլոգիական տոնին տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, կմասնակցեն նաև մի շարք այլ առաջատար ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից:

«ԴիջիԹեք 2015-ն առանձնահատուկ է նրանով, որ այս տարի մասնակցում են նաև բոլոր այն ընկերությունները, որոնք մեծ հաջողություններ են արձանագրել միջազգային ասպարեզում ( PicsArt, Zangi, Joomag, Triada Studio և այլն։): Բացի այդ՝ մասնակիցների թվում են մի շարք առաջատար և հանրաճանաչ միջազգային ընկերություններ այդ թվում՝ Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն: Մենք համոզված ենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսում մասնակցությունը, լավ ավանդույթի համաձայն, կխրախուսի միջազգային ընկերություններին Հայաստանում ինժեներական ստորաբաժանումներ ստեղծելու գործում, այնպես, ինչպես ժամանակին եղավ հանրաճանաչ IBM, National Instruments և այլ ընկերությունների դեպքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա նաև հավելեց, որ ԴիջիԹեք 2015-ի շրջանակներում տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի հիմնախնդիրների քննարկում ՀՀ վարչապետի մասնակցությամբ:

ՀՀ Շախմատային ֆեդերացիայի հետ համագործակցության շնորհիվ ցուցահանդեսին ներկա կլինեն նաև անվանի գրոսմայստերները և կմրցեն համակարգչային շախմատային ծրագրի հետ: Շախմատային ծրագիրը մշակվել է մեր հայրենակցի կողմից և չի զիջում աշխարհի շախմատային ռոբոտ ծրագրի առաջատար եռյակին:

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք 2015-ը կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Տեխնոլոգիական ցուցահանդեսին զուգընթաց տեղի կունենան ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, խաղային հեքեթոն, աշխատանքի տոնավաճառ, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ: