ԴիջիԹեք-2015․ «Օրաքլը» հետաքրքրված է հայ ծրագրավորողների ներուժով

ԴիջիԹեք-2015․ «Օրաքլը» հետաքրքրված է հայ ծրագրավորողների ներուժով

ԴիջիԹեք-2015 ցուցահանդեսին, որը կկայանա հոկտեմբերի 2-4-ը, կներկայանա նաև «Օրաքլը», որը ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություններից է ու ներկայացված է աշխարհի 128 երկրներում։

«Օրաքլ» միջազգային ընկերության գլխամասը գտնվում է ԱՄՆ-ում։ Ընկերությունը մասնագիտացված է համակարգչային/սերվերային սարքավորումների և համակարգերի արտադրությամբ ու մարքեթինգով, կորպորատիվ ծրագրային լուծումների, մասնավորապես, տվյալների բազաների կառավարման համակարգերի/ծրագրերի ստեղծմամբ։ 2011 թվականին «Օրաքլը» աշխարհում երկրորդ ամենախոշոր ծրագրային ապահովման ընկերությունն էր Մայքրոսոֆթից հետո։

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում «Օրաքլ Արմենիան» ներկայացնելու է ինչպես իր ծրագրերը, այնպես էլ ընկերությունում առկա թափուր աշխատատեղերը։

«Օրաքլ» ընկերության փոխնախագահ Իգոր Խալաթյանի տեղեկացմամբ՝ այս պահին «Օրաքլ Արմենիայում» աշխատում է մոտ 30 մասնագետ, սակայն նախատեսված է ավելացնել աշխատակիցների թիվը։

Իգոր Խալաթյանը նշում է նաև, որ «Օրաքլը» գնահատում է Հայաստանում երիտասարդ տաղանդներին։ Հայաստանը «Օրաքլի» համար նոր երկիր է։ Ամերիկյան այս ընկերությունում շատ ծրագրավորողների են ընդունում աշխատանքի հատկապես Հնդկաստանից, Չինաստանից։ Հայաստանում մոտ մեկ տարվա աշխատանքային փորձից հետո «Օրաքլը» հասկացավ, որ մեծաթիվ բարձրակարգ մասնագետներ կան այստեղ, ուստի ընկերությունը հետաքրքրված է այդ ներուժի զարգացմամբ։

Իգոր Խալաթյանն ընդգծում է, որ «Օրաքլի», խոշոր այլ ընկերությունների կողմից Հայաստանում գրասենյակ բացելու փաստը դրական է. հնարավորություն է ստեղծվում մեր ծրագրավորողների համար բարձր աշխատավարձով աշխատել սեփական երկրում։ Նա նաև նշում է, որ պետք է ապահովել պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան ՏՀՏ ոլորտում զբաղվել գործարարությամբ։ Մարդ պետք է զգա, որ բոլորի հետ հավասար հարթության վրա է, եթե աշխատում է, ունի տաղանդ, կարող է սափական ուժերով հասնել բարձունքների։

Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների կողմից կազմակերպված ԴիջիԹեք տեխնոլոգիական և հեռահաղորդակցական ցուցահանդեսն անցկացվելու է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։ Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։

Բաժիններ: Հայաստան