Վերակառուցվում է հազար ու մի եկեղեցիների քաղաքը՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով

Լոկատոր ընկերությունը, իրականացելով Հայաստանի 9 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորման աշխատանքները, այժմ ձեռնամուխ է եղել Անիի քաղաքի վիրտուալ վերականգման աշխատանքներին:

Անին եղել է մեր պատմական հայրենիքի ամենաչքնաղ մայրաքաղաքներից մեկը, ունեցել է 100 000 ավել բնակիչ, հանդիսացել է մետաքսյա ճանապարհի կարևորագույն հանգույցներից մեկը, ունեցել է հարուստ մշակույթ և ճարտարապետություն և անվանվել է «Հազար ու մի եկեղեցու քաղաք»։ Ցավոք, ներկա պահին քաղաքից մնացել են միայն ավերակներ և, լինելով Թուրքիայի տարածքում, օրեցօր վերանում է, և գուցե ապագայում այն հիմնովին կվերանա թե′ երկրի երեսից, և թե′ մեր ապագա սերունդների հիշողությունից։

Լոկատոր ընկերությունը, մտահոգվելով այդ փաստով, արդեն իսկ ներդրումներ է իրականացնում քաղաքի վիրտուալ վերականգման աշխատանքներում։ Ունենալով մեծ փորձ եռաչափ մոդելավորման և ինտերակտիվ համակարգերի ստեղծման մեջ` ընկերությունն աշխատում է գործն ամեն կերպ ավարտին հասցնել։

Բարձր տեխնոլոգիաների և ճարտարապետության ոլորտի նորագույն տեխնոլոգիաների` մասնավորապես 3D մոդելավորման շնորհիվ յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ոչ միայն տեսնել վերականգնված Անին, այլև վիրտուալ ճանապարհորդություն կատարել քաղաքում` մտնելով յուրաքանչյուր եկեղեցի, վանք, ամրոց, քայլելու փողոցներում, հանդիպելու հին Անիի բնակիչներին և այլն: Վիրտուալ ճանապարհորդությունը հնարավորություն կտա այցելուին զգալու իրեն հին դարաշրջանում` վայելելով երբեմնի ծաղկուն մայրաքաղաքի ողջ հմայքը:

Վիրտուալ վերականգնման պլանը կիրագործվի ճարտարապետական, մշակութային, պատմագիտական, արվեստաբանական և այլ ուղղություններով: Մարդը, դիտելով այն, պետք է հնարավորինս լիարժեք պատկերացնի այդ դարաշրջանի ողջ շունչը, տեսնի քաղաքի բնակիչներին իրենց տարազներով, ապրելակերպով:

«Գաղափարի ներդրման համար կարևոր նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ այսօր Անիում չկա որևէ հիշատակում, որ այն հայկական մայրաքաղաք է: Երբ այսօր զբոսաշրջիկները գնում են Թուրքիա, այցելում են Անի, չեն կարող տեղեկանալ, որ այն որևէ կապ ունի հայերի հետ: Բնականաբար, առաջնային խնդիրն այն է, որ մենք աշխարհին ցույց տանք, որ Անին հայկական քաղաք է ու հայկական մշակույթ»,- նշում է Լոկատոր ընկերության համահիմնադիր Վլադիմիր Սոֆյանը:

Ծրագրի շրջանակներում մի աննախադեպ գաղափարի իրագործման հնարավորություն էլ կա. Անիի հանդիպակաց տարածքում` Հայաստանի սահմանին, կառուցվում են դիտակետեր, որտեղ այցելուներին տրամադրվում են հեռադիտակներ` տեսնելու Անին: Սակայն հեռադիտակը ցույց է տալիս ոչ թե Անիի ավերակները, այլ վերականգնված Անին: Ավելին` հեռադիտակի միջոցով այցելուն հնարավորություն է ունենալու «մտնելու» քաղաքի ամեն մի անկյուն, տեսնելու քաղաքի կենդանի շարժը և տպավորություն է ստանալու, որ շրջում է հին Անիում: Ակնհայտ է, որ նոր զբոսաշրջության վայրը կդառնա Հայաստանում ամենաայցելվողներից մեկը, եթե ոչ ամենաայցելվողը, քանի, որ այն իր բնույթով կլինի առաջինն ամբողջ աշխարհում։

Այժմ ծրագիրը կյանքի կոչելու համար ընկերությունը ներգրավելու է ճարտարապետ հնագետներ, արվեստագետներ, երաժիշտներ, պատմաբաններ, մոդելավորողներ, անիմատորներ և այլ մասնագետներ։ Շուրջ 1,5 տարի տևող այս աշխատանքների ինքնարժեքը կկազմի ընդամենը 300 – 350 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Լոկատոր ընկերությունը փնտրում է համախոհներ կամ ներդրողներ այս նվիրյալ գործում:

Անի մայրաքաղաքի վերականգնումը ունի բացառիկ ազգային նշանակություն և մեծ ոգևորությամբ կընդունվի թե′ Հայաստանի, թե′ սփյուռքի մեր միլիոնավոր հայրենակիցների կողմից։ Բացի հզոր հասարակական հնչեղությունից և բարի համբավից՝ նախաձեռնությունը ներդրողների համար հետաքրքի կլինի նաև բիզնես տեսանկյունից։

«Նախատեսվում է տարբեր տիպի ելքային արտադրանք տալ` սկսած հավելվածներից և վերջացրած Blu-Ray սկավառակներով, վեբ հավելվածներով: 7D կինոթատրոններում կարող ենք կազմակերպել դիտումներ, ինչը շատ տարածված է Եվրոպայում», – հավելում է Վլադիմիր Սոֆյանը:

Ընդհանրապես աշխարհում հինավուրց հուշարձանների և օբյեկտների թվայնացման, վերականգնման, ինչպես նաև վիրտուալ ճանապարհորդությունների կազմակերպման փորձ արդեն կա: Հայաստանում այդ ոլորտում առաջին քայլերն անում է «Լոկատորը»: Ընկերությունը եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն կատարելու Արցախի պատմական քաղաքներում: