Սեպտեմբերի 29-ին կկայանա «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանում Էստոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ ՀԲԸՄ խորհրդակցությունների սրահում կազմակերպում է «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը: Համաժողովն իր շուրջը կհամախմբի համապատասխան շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, ովքեր կանդրադառնան էլեկտրոնային կառավարման հայեցակարգին, ոլորտի առաջընթացին և ապագա հնարավոր զարգացումներին:

Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը Հայաստանում զգալի փոփոխություններ է գրանցել ծախսերի արդյունավետ կառավարման և էլեկտրոնային թափանցիկ ծառայությունների զարգացման գործում: Մինչ օրս ԵՄ աջակցությամբ կառավարական հաստատություններում ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման Mulberry համակարգը, ինչպես նաև հարկ վճարողի և հարկային հաշվետվությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, մեկ պատուհանի սկզբունքով ավտոմեքենայի գրանցման, վարորդական վկայականի տրամադրման, երթևեկության տուգանքների առցանց վերահսկողության և վճարման էլեկտրոնային համակարգերը:

Համաժողովի մասնակիցները կքննարկեն հաջորդ քայլերը, որոնք ներառում են տեղեկատվությունը և ծառայությունները ավելի հեշտ կիրառելի ու մատչելի դարձնելը՝ տարբեր համակարգերը հնարավորինս ներդաշնակեցնելով և սփյուռքի հետ հնարավոր համագործացության ուսումնասիրությունը:

Համաժողովի բանախոսների թվում կլինեն կառավարության անդամներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ՏՏ ոլորտի փորձագետներ, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: