Դիջիթեք 2015-ը մեկնարկեց․ ցուցահանդեսին մասնակցում է 170 ընկերություն (ֆոտոշարք)

Դիջիթեք 2015-ը մեկնարկեց․ ցուցահանդեսին մասնակցում է 170 ընկերություն (ֆոտոշարք)

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մեկնարկեց ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին այս տարի մասնակցում են աննախադեպ թվով ընկերություններ: «Ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվն աճել է շուրջ 70 տոկոսով, այսինքն առաջիկա 3 օրերի ընթացքում տեխնոլոգիական հայությունը բացառիկ հնարավորություն ունի ծանոթանալու շուրջ 170 առաջատար ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին և առաջարկներին»,-ցուցահանդեսի բացմանը նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին տեղական և միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի (PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո» և այլն), մասնակցում են մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից (Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն):

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենան նաև RoboFest փառատոն, խաղային հեքեթոն, ԴիջիԼայֆ սեմինարներ, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ, բացի այդ՝ հայ անվանի գրոսմայստերները կմրցեն համակարգչային շախմատային ծրագրի հետ: Վերջինս ստեղծվել է մեր հայրենակցի կողմից և չի զիջում աշխարհի շախմատային ռոբոտ ծրագրի առաջատար եռյակին:

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք 2015-ը կշարունակի աշխատանքը նաև հոկտեմբերի 3-ին ու 4-ին։ Միջոցառման անցկացման վայրն է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրը։

Բաժիններ: Հայաստան