Դիջիթեք 2015. ներկայացվեց «Փլեյլենդ Արմենիա» հայ երեխաների առցանց խաղահրապարակը

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը ԴիջիԹեք էքսպո բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացնում է աշխարհի հայ երեխաների առցանց խաղահրապարակի առաջին տարբերակը՝ «Փլեյլենդ Արմենիա» խաղը, որը ստեղծվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում:

Ընկերության ներկայացուցիչ Գայանե Ղանդիլյանը ittrend.am-ի հետ զրույցում ներկայացրեց հավելվածը, որը վիրտուալ աշխարհ է և երեխաներին թույլ է տալիս խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ հրաշալի թվային խաղահրապարակում: 5-10 տարեկան բոլոր երեխաները, անկախ լեզվական գիտելիքից, հնարավորություն ունեն բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրելու հայոց լեզուն և մշակույթը: Մեծ համայնքի մի մասնիկը դառնալով` նրանք կարող են ընկերանալ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հայրենակից տարեկիցների հետ:

Հավելվածը հնարավորություն է տալիս երեխաներին հաղորդակցվելու միմյանց հետ հենց իրենց լեզվով՝ այսպիսով վերացնելով լեզվական իմացության խնդիրը: Երեխաները հանդես են գալիս փոքրիկ կատուների կերպարներով, ովքեր խաղալով վաստակում են միավորներ և սովորում հայերեն:

IMG_5235

«Դիջիթըլ Փոմըգրանեթը» մեծ ուժեր է ներդրել երեխաների համար առցանց անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու գործում: Երեխաները չեն կարող հրապարակել անձնական ինֆորմացիա և նկարներ, իսկ նամակներ հնարավոր է գրել` օգտվելով միայն նախապես տրվող բառակապակցություններից և նախադասություններից:

Նախագիծը ֆինանսավորվել և մշակվել է «Դիջիթըլ Փոմըգրանեթ»-ի կողմից՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից լրացուցիչ ֆինանսավորման և աջակցության շնորհիվ: Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու համայնքների սաները էքսպոյի տաղավարում մասնակիցներին կօգնեն առաջին անգամ խաղալ խաղերը, տեսնել փոքրիկ կատուների կերպարներին և դառնալ Փլեյլենդ Արմենիա մեծ համայնքի մի մասնիկը:

«Փլեյլենդ Արմենիա»-ն նոյեմբերին կթողարկվի Android, iOS հարթակների համար, իսկ մինչև տարեվերջ հասանելի կլինի նաև կայքի տեսքով։ Խաղն անվճար է, սակայն խաղի ներսում կարելի է գնել հավելյալ հնարավորություններ։