Դիջիթեք 2015. ԲՕՌ ռոբոտը կօգնի դիրքերում ծառայող զինվորներին (տեսանյութ)

Դիջիթեք 2015 ցուցահանդեսին մասնակցում են ռոբոտաշինական մի շարք խմբակներ, որոնց թվում է նաև Վեդու թիմը՝ խմբավար Օրբել Խաչատրյանի ղեկավարությամբ։ Դեռ մարտին ittrend.am-ն անդրադարձել էր այս խմբակի աշխատանքներին ու տեղեկացրել, որ թիմը պատրաստվում է ստեղծել մի այնպիսի ռոբոտ, որը կարող է օգտագործվել ՀՀ Զինված ուժերում՝ օգնելով հայ զինվորներին։ Այժմ վերոնշյալ ռոբոտը պատրաստ է։

Վեդու ռոբոտաշինական խմբակի անդամ Էրիկ Պետրոսյանը ittrend.am-ին պատմեց, որ ռոբոտը նախատեսված է ՀՀ դիրքերում զոհերի թիվը նվազեցնելու նպատակով։ «Մենք այս ռոբոտով ուզում ենք կոչ անել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի բանակում ստեղծվեն ռոբոտաշինական ջոկատներ, որտեղ զինվորները կզբաղվեն ռոբոտներ ստեղծելով»։

ԲՕՌ-ն (բանակին օգտակար ռոբոտ) ունի ինքնաոչնչացման համակարգ, եթե հայտնվի թշնամու ձեռքում, հեռակառավարման միջոցով կպայթի, բացի այդ՝ ունի զինվորին առաջին օգնություն հասցնելու համակարգ ու դեղարկղ։ Ռոբոտը համալրված է նաև տեսախցիկով ու նռնակ նետելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք 2015-ը կշարունակի աշխատանքը նաև վաղը՝ հոկտեմբերի 4-ին։ Միջոցառման անցկացման վայրն է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրը։