PicsArt-ը դասընթացներ կանցկացնի Ապարանում

Ապարան քաղաքի արվեստի դպրոցի և Քուչակ համայնքի նկարչության խմբակի սաները կմասնակցեն հանրաճանաչ PicsArt նկարչական և ֆոտոխմբագրման ծրագրի դասընթացների՝ PicsArt ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի նոր համատեղ նախաձեռնության շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք Վորլդ Վիժն Հայաստանի մամուլի ծառայությունից։

Ավելի քան 50 աշակերտ այսուհետև հնարավորություն կունենան դրսևորել և զարգացնել իրենց ստեղծագործական կարողությունները՝ օգտվելով պատկերների խմբագրման և գրաֆիկական դիզայնի ժամանակակից գործիքներից:

«Այսօր ստեղծագործական և տեխնիկական գիտելիքները հաջողության հրամայական են, բայց Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող շատ երիտասարդներ զրկված են տեխնոլոգիական նոր գործիքների ծանոթանալու հնարավորությունից: Այս ծրագիրը կօգնի ընդլայնել կրթական հնարավորությունները սոցիալապես անապահով երիտասարդների համար՝ զինելով ժամանակակից գիտելիքներով և ստեղծելով հետագա մասնագիտական աճի նոր հնարավորություններ», – ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Հայաստանի ապագա զարգացումը մեծապես կախված է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումից: Դա բնական ռեսուրսներ չի պահանջում, այլ միայն գիտելիք և համապատասխան կրթություն: Հուսով եմ, որ այս ծրագիրը Հայաստանի կրթական գործընթացի համար նոր և կարևոր մի փուլի սկիզբ կդառնա, որ դրական ազդեցություն կունենա ոչ միայն առանձին անհատների, այլև համայնքների և երկրի ապագայի համար», – նշում է ՊիկսԱրտի հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

PicsArt-ի ֆինանսավորմամբ երկու դպրոցների խմբակներին տրամադրվել է 29 պլանշետ: Դասընթացները կանցկացնեն խմբակների նկարչության ուսուցիչները, ովքեր հատուկ վերապատրաստվել են PicsArt-ի կողմից: Հետագայում ընկերության մասնագետները պարբերաբար կայցելեն դպրոցներ՝ խորհրդատվություն տրամադրելով և աջակցելով դասընթացների անցկացմանը: PicsArt-ի սոցիալական ցանցի միջոցով դասընթացների մասնակիցները PicsArt ծրագրի այլ օգտագործողների հետ հաղորդակցվելու և փորձ փոխանակելու հնարավորություն կստանան՝ իրենց աշխատանքները PicsArt կայքում տեղադրելով և մասնակցելով առցանց մրցույթների:

Այս ծրագիրը Վորլդ Վիժն Հայաստանի երիտասարդների մասնագիտական ​​զարգացման, աշխատունակությունը և մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններից մեկն է: Ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապված մեկ այլ ծրագրի շրջանակներում «Մոնիտիս» ընկերության հետ համատեղ 2013 թ.-ին Ապարանի միջնակարգ դպրոցում հիմնվեց Ռոբոտիքս ակումբ: