«Այբ» դպրոցում բացվել են երկու արհեստանոց-լաբորատորիաներ

«Այբ» դպրոցում կայացել է Հայաստանում առաջին երկու արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի («Այբ» կրթական ավանում ու Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից) բացումը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը ծանոթացել է կրթությունը կիրառական դարձնող և ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած նորարարական լաբորատորիաների ներդրման հայաստանյան ծրագրին, որը կյանքի է կոչվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ դեռևս 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ու ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ:

Ֆաբլաբը Հայաստանում նորարարական «խելացի» լաբորատորիաների ներդրման բացառիկ, լայնածավալ ազդեցության ծրագիր է, որը թույլ է տալիս կրթությունը դարձնել կիրառական: Այն արհեստանոց-լաբորատորիա է՝ զինված հատուկ սարքավորումներով և նյութերով, որոնք հնարավորություն են տալիս նորարարական տեխնոլոգիաներ կիրառելու գիտական տարբեր ոլորտներում և արտադրելու «գրեթե ամեն ինչի» ձևանմուշ:

Ֆաբլաբերը հնարավորություն կտան խթանելու ինչպես «Այբ» դպրոցի և Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակներում արտադրական ձևանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծեն հայ երիտասարդ գիտնականների համար:

Ֆաբլաբերը ստեղծվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից և այժմ ակտիվորեն տարածվում են ամբողջ աշխարհով: Ֆաբլաբերում իրականացվող ծրագրերը վերաբերում են ինչպես տեխնոլոգիական նորարարություններին ու բարեփոխումներին, այնպես էլ նոր բիզնես-մոտեցումներին ու զանազան հետազոտություններին արտադրության, ռոբոտաշինության, դիզայնի, ճարտարապետության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT, ԱՄՆ) հետ, ՀՀ Կենտրոնական բանկի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, ընթացք տվեց մեր երկրում առաջին ֆաբլաբը ստեղծելու նախագծին:

Ֆաբլաբի ներդրման հետ կապված՝ «Այբ»-ը երկարատև բանակցային գործընթաց է վարել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Բիթերի և ատոմների կենտրոնի (MIT Center for Bits and Atoms) հետ: Բանակցությունների ընթացքում «Այբ»-ի և կենտրոնի մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրել են ֆաբլաբի համար անհրաժեշտ սարքավորումների ցանկը, քննարկել յուրաքանչյուր սարքավորման՝ Հայաստանում կիրառելիության և օգտագործման արդյունավետությունը, ինչից հետո «Այբ»-ը ձեռք է բերել ֆաբլաբի սարքավորումային լիակատար փաթեթը, որն այս պահին ներառում է.

• համակարգչային կարգավորմամբ լազերային հաստոց,
• համակարգչային կարգավորմամբ թվանշային մետաղահատ (ֆրեզերային) հաստոց՝ մեծ չափի ձևանմուշներ ստանալու համար,
• ալեհավաքներ, տպագրական կաղապարներ, ճկուն տպասալեր ստեղծող սարք,
• եռաչափ տպիչներ,
• այլ սարքեր ու ծրագրեր: