Wandelion՝ օնլայն տուրիզմի նոր հայկական հարթակ

Wandelion-ը օնլայն տուրիզմի հայկական հարթակ է, որը ճանապարհորդական փաթեթներ է տրամադրում անհատներին՝ առաջարկելով յուրահատուկ վայրեր՝ ըստ պատվիրատուի նախասիրությունների: Փաթեթներում ներառվում են թիրախային վայրեր՝ այցելություն, կեցություն, սնունդ, ժամանց, ինչպես նաեւ գիդերի տրամադրում: Այս ամենը կատարվում է առցանց մի քանի րոպեում, և անմիջապես ներկայացվում է գնային առաջարկ։

Նշենք, որ Wandelion-ը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից կազմակերպվող Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում։ Հարթակի մասին մանրամասներ պարզելու համար ittrend.am-ը զրուցեց Wandelion-ի համահիմնադիր և տնօրեն Զորիկ Ծատուրյանի հետ։

— Ե՞րբ է ստեղծվել Wandelion հարթակը, ի՞նչպես է առաջացել գաղափարը։

— Wandelion նախագծի գաղափարը ծնվել է մեկ ու կես տարի առաջ: Պատրաստվում էինք տուրիստական ընկերություն հիմնադրել, սակայն, ուսումնասիրելով շուկան ու դրա խնդիրները, հասկացանք, որ ոլորտը, թե´ տեղական, և´ թե միջազգային, ունի շատ բաց կողմեր և խնդրներ: Որոշեցինք չստեղծել հերթական տուրիստական ընկերությունը, այլ ստեղծել մի հարթակ, որտեղ կմեկտեղվեն շուկայի պահանջները և լուծում կստանան խնդիրների մի մասը:

— Թողարկվելո՞ւ են արդյոք ծառայության iOS ու Android հավելվածները։ Եթե այո, ապա ե՞րբ։

— iOS ու Android հավելվածներ պատրաստվում ենք թողարկել, սակայն միայն հայկական շուկայում հարթակը փորձարկելուց հետո, ինչը մոտավոր կսկսենք 2016թ. վերջին:

Wandelion3

— Ո՞րն է հարթակի թիրախային շուկան:

— Հարթակի թիրախային շուկան միջին գնողունակություն ունեցող տուրիստներն են:

— Բացի անգլերեն, ռուսերեն ու իտալերեն լեզուներից, այլ լեզուներ նախատեսվու՞մ են։

— Առաջիկա մեկ տարվա ընթացքում նոր լեզուներով հարթակը չի համալրվի, բայց նախատեսում ենք:

— Կայքը թույլ տալի՞ս է առցանց վճարում կատարել։

— Այո, հարթակը կաարողանում է ընդունել առցանց վճարումներ: Այդ խնդիրը մենք լուծել ենք Մեծ Բրիտանիայում կազմակերպություն գրանցելու միջոցով: Դա հնարավորություն է տալիս, որպեսզի կայքում օգտագործվի Paypal վճարման համակարգ:

Team

— Wandelion-ը փաթեթներ առաջարկո՞ւմ է Հայաստանից դուրս։

— Հայաստանից դուրս փաթեթներ կսկսենք առաջարկել 2016թ.-ից:

— Ի՞նչ նոր հնարավորություններով կհամալրվի հարթակը մոտ ապագայում։

— Շուտով կգործարկենք տուր-դիզայն գործիքը, որը մշակման փուլում է, կան մի քանի տարբերակներ, որ քննարկում ենք ու դեռ տեխնիկական լուծմանը չենք հասել այս պահին: Գործիքի նպատակն է օգնել մարդկանց նախագծել սեփական ճանապարհորդությունը և առցանց ստանալ գնային առաջարկ։