Երևանում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադան

Երևանում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադան

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում կայացավ Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ ամենամյա օլիմպիադայի եզրափակիչ փուլը։ Օլիմպիադայի երիտասարդ մասնակիցներն այս տարի ներկայացրել են 29 երկիր. Հայաստան, Արցախ, Արգենտինա, Բելառուս, Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Չինաստան, Եգիպտոս, Վրաստան, Գերմանիա, Հոնգ Կոնգ, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Հորդանան, Մալայզիա, Պերու, Ֆիլիպիններ, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա, Ուրուգվայ, ԱՄՆ և Վիետնամ:

Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: Միջոցառումը զգալի դեր ունի միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կրթությանն աջակցելու հարցում և նպաստում է Հայաստանում և մասնակից երկրներում ոլորտի շարունակական զարգացմանը: Զուգահեռաբար, այն օգնում է ճանաչել, գնահատել մինչև 30 տարեկան բազմաթիվ տաղանդավոր ինժեներների և խթանել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը: Ամենամյա միջոցառման նպատակը միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում երիտասարդ մասնագետների հանրույթն ընդլայնելն ու մասնակիցների գիտելիքների մակարդակը գնահատելն է: Դա բխում է տարածաշրջանային կրթական ծրագրերն առկա պահանջներին համապատասխանեցնելու հրամայականից:

Օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են գալա-միջոցառման ընթացքում:

Բաժիններ: Հայաստան