Ստեփանակերտում տեղի ունեցավ ԱրմԹեք համաժողովի հատուկ նիստը

Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտում կայացել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովի հատուկ նիստը, որին հանդես է եկել իր ելույթով Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Կարևորելով համաժողովի նշանակությունն, իբրև տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ, վարչապետն անդրադարձել է բնագավառում կառավարության կատարած աշխատանքներին և ներկայացրել իր պատկերացումները հետագա անելիքների վերաբերյալ: Ա. Հարությունյանը միջոցառման ընթացքում նաև պատասխանել է մասնակիցների հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ համագործակցել համաժողովում ներկայացված ձեռնարկությունների հետ:
Տեխնոլոգիական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարներ և ԱՀ պետական պաշտոնյաներ հանդես են եկել զեկուցումներով: Բանախոսները, խոսելով բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների և սկսնակ ընկերությունների հաջողությունների մասին, իրենց ելույթներում ընդգծել են նորարար տեխնոլոգիաների կարևոր դերը տնտեսության, կրթության, պետական կառավարման ոլորտներում և սահմանների անվտանգության ապահովման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվել են Արցախում ՏՏ ոլորտի զարգացման միտումներին, տեխնոլոգիական կրթության կազմակերպմանը, կադրերի վերապատրաստմանը, միջազգային համագործակցության խթանմանը, ներդրումների ներգրավմանը և սկսնակ ընկերությունների կայացմանը վերաբերող հարցեր:

Համաժողովին մասնակցում էին ՀՀ և ԱՀ տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ԱՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՏ ոլորտի մասնագետներ և ուսանողներ Արցախից: