Վանաձորի Թումոն կհյուրընկալի մինչև 2000 ուսանողի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2016թ.-ին Վանաձորում կբացվի Թումո ստեղծարար տոխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի բացման նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է, իսկ գործարկումն ու ծրագրի իրականացումը իր վրա կվերցնի Սիմոնյան կրթական հիմնարամը:

Կենտրոնը կհյուրընկալի 1000-ից 2000 ուսանողների և 12-18 տարեկան պատանիներին կառաջարկի գիտելիքներ 4 հիմնական ոլորտներում՝ կայքերի մշակում, խաղերի ստեղծում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում:

Այդ չորսի հետ մեկտեղ վանաձորցի ուսանողները կուսումնասիրեն ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, լուսանկարչություն, գրաֆիկ դիզայն, երաժշտություն, նկարչություն և ավելին:

Ուսանողները 21-րդ դարի ամենաարդի հմտությունները ձեռք կբերեն ինքնուսուցման և Երևանից ու արտերկրից ժամանող մասնագետների դասընթացների միջոցով:

Նշենք, որ Վանաձորի Թումոյում ուսումը կլինի անվճար, ինչպես և այժմ է գործող մյուս 4 կենտրոններում՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում: