«2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» ֆորումը կկայանա նոյեմբերի 13-14-ը

«2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» ֆորումը կկայանա նոյեմբերի 13-14-ը

«2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագիրը կրող Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 13-14-ը՝ Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» համալիրում:

Երկօրյա ինովացիոն ֆորումը հարթակ է, որտեղ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

«Մենք մեր առջև բավականին հավակնոտ խնդիրներ ենք դրել 2018թ. Հայաստանը ամենանորարար երկրների շարքում տեսնելու ուղղությամբ: Ու թեպետ, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների ցուցանիշները, այդ ուղղությամբ առաջխաղացում կա, այնուհանդերձ նպատակին հասնելու համար կարևորագույն խնդիր է մնում մեր երկրում նորարարության համար բարենպաստ մթնոլորտ ու համապատասխան կրթության պայմաններ ձևավորելը: Կարծում եմ, առաջիկա դիլիջանյան ֆորումը և մասնավորապես հանրաճանաչ խոսնակների մասնակցությունը զգալիորեն կնպաստեն մեր առջև դրված նպատակների իրագործմանը»,-նշում է Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ինովացիոն ֆորումն ավանդաբար կանցկացվի Հայաստանի տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների առաջատարների մասնակցությամբ։ Ֆորումին կմասնակցեն հայաստանյան և արտերկրյա տեխնոլոգիական, կրթական և ինովացիոն այլ ոլորտների շուրջ 200 մասնակիցներ, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

BIF2014

Ինովացիոն ֆորումի թեմատիկ ուղղություններն են՝

  • ինովացիոն էկոհամակարգեր,
  • ինովացիա և կրթություն,
  • ինովացիա և ձեռներեցություն։

Արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Ֆորումի գլխավոր հովանավորն է «ԲեթՔոնսթրաքթ» ընկերությունը:

Բաժիններ: Ինովացիա, Հայաստան