Մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների գրանցումը

Մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ»  և «Անօդաչու թռչող սարքեր»  հերթական մրցույթների դիմում-հայտերի գրանցումը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթների աջակից՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

«Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր»  մրցույթները նպատակ ունեն բացահայտելու և խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում: Սարքերը լայն կիրառություն ունեն ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում:

Մրցույթների կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ այս մրցույթները գերկարևոր և պրակտիկ նշանակություն ունեն: «Մենք հույս ունենք, որ այս  սարքերը օգտակար կլինեն հատկապես մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելիս»,-ասաց նա:

Մրցույթները կանցկացվեն 3 փուլով՝ գրանցման փուլ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Գրանցման փուլը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը: Այս փուլում ներկայացված գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան խորհրդակցել ժյուրիի փորձառու անդամների հետ և բարելավել իրենց նախագծերը: Առաջին փուլում գրանցված գաղափարների հեղինակներին ևս մեկ առավելություն է սպասվում. կազմակերպիչների կողմից նրանց կտրամադրվեն  սարքեր պատրաստելու համար անհրաժեշտ դետալները:

Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը տեղի կունենան համապատասխանաբար փետրվար և մարտ ամիսներին: Հաղթող նախագծերը կորոշվեն առաջատար ինժեներ մասնագետների կողմից, իսկ հեղինակները կստանան խոշոր դրամական պարգևատրումներ մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության կողմից:

Մրցույթի գրանցման հայտն ու տեխնիկական առաջադրանքները մանրամասն ներկայացված են armrobotics.am կայքում: