«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը մոտենում է ավարտին

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը մոտենում է ավարտին

Մոտենում է ավարտին «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 4-ից հայկական ՏՀՏ ոլորտի 26 կազմակերպությունների 40 ներկայացուցիչ սկսեցին իրենց գործարար հանդիպումների 32 օրյա ավտոարշավը եվրոպական 15 երկրներով։ Մեր մասնակիցները հաջողակ հանդիպումներ ունեցան Վիեննայում, Պրահայում, Կատովիցեում, Բեռլինում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում: ՏՀՏ պատվիրակության հանդիպումները սահմանափակվեցին Զագրեբում, Բելգրադում և Սոֆիայում տեղի ունեցած մի քանի հանդիպումներով։

Ամփոփելով վերջին հանդիպումների շարքը` կարող ենք արդեն իսկ փաստել, որ մասնակիցները ձեռք են բերել մի շարք նախնական համագործակցություններ, հետագա համատեղ ծրագրերի իրագործման առաջարկենր եվրոպական գործընկերներից։ Ինչպես նշեց «Արեգ տեղեկատու» կազմակերպության ներկայացուցիչը, ավելի քան 20 օր է, ինչ շրջագայում են եվրոպական երկրներով և արդեն իսկ ստեղծվել են մի շարք գործնական կապեր։

Հոկտեմբերի 28-ին Զագրեբի տեխնոլոգիական պարկի տարածքում տեղի ունեցած հայ-խորվաթական գործարար համաժողովից և B2B հանդիպումից հետո, խորվաթական ՏՀՏ ոլորտի մասնակիցներից մեկը հավելեց, որ այս միջոցառումը նոր հնարավորություն էր իրենց համար, որի շնորհիվ հայ և խորվաթական կազմակերպություններ կարողացան միմյանց ճանաչել և հետագա համագործակցության եզրեր գտնել։

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի վերջին հանդիպումը 2015 թվականի ընթացքում տեղի ունեցավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ «Ուրախ էի մասնակցել հայ-բուլղարական ՏՀՏ ոլորտին նվիրված այս բիզնես ֆորումին։ Մեզ համար ՏՏ ոլորտը շատ կարևոր է, քանի որ բուլղարական տնտեսության ձեռքբերումները հիմնված են մասնավորապես ՏՏ ոլորտի հաջողությունների վրա։ Ապագան թվային տնտեսությանն է և այսօր արդեն բուլղարացի ՏՏ ոլորտի մասնգետները ցույց են տվել իրենց ունակությունը աշխատելու տարբեր միջազգային կազմակերպությունների համար, ինչպես նաև կարողացել են հիմնել բավականին հաջողակ ՏՏ ընկերություններ Բուլղարիայում»,- նշեց Բուլղարական առևտրային պալատի նախագահ պարոն Ստեփան Սեմյոնովը հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպումից հետո մեր աշխատակիցներին տրված հարցազրույցի ընթացքում։

Ավարտելով հանդիպումները Բուլղարիայում՝ ծրագրի պատվիրակությունը սկսեց իր ճանապարհորդությունը դեպի Հայաստան։

Հիշեցնում ենք, որ հոկտեմբերի 4-ին մեկնարկեց «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների և բիզնես ֆորումների ընթացքում մեր պատվիրակությունը եվրոպական շուկային ներկայացրեց «Hi-Tech/Made in Armenia» ՏՀՏ ապրանքանիշը, քննարկեցին եվրոպական և հայկական ՏՀՏ ոլորտին առնչվող գլոբալ և տեղական հիմնախնդիրներ, ձեռք բերվեցին մի շարք համագործակցություններ։

Ծրագիրը համատեղ իրականացնում են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը («Թի-Էս-Դի») և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» («Էն-Թի-Ի-Էֆ») հայկական բարեգործական հիմնադրամը` ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ կառավարության, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ։

Բաժիններ: Հայաստան