Դիլիջանում մեկնարկեց Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանում մեկնարկեց Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանում մեկնարկեց Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո: Երկօրյա ինովացիոն ֆորումի ժամանակ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կլինեն գործնական քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ 2018թ. Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Միջոցառմանը բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով, մասնավորապես, նշեց, որ նման միջոցառումները փորձի փոխանակման ու գործարար կապեր ստեղծելու հիանալի նախադրյալներ են ստեղծում։ «Պետության խնդիրն է առաջարկել երկրում ՏՏ ոլորտի խթանման ծրագրեր ու մարտավարություններ, սակայն ձեռներեցները ևս պիտի ակտիվ լինեն և ներդրում ունենան ոլորտի զարգացման մեջ»,-նշեց փոխվարչապետը։

Երկօրյա ինովացիոն ֆորումի հիմնական խոսնակները կլինեն տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում Իսրայելի առաջատար ձեռնարկատերերից մեկը՝ Ելենա Դոնեթսը: Ե. Դոնեթսը նաև Իսրայելի StartAU համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենն է:

Այս տարի ինովացիոն ֆորումի թեմատիկ ուղղություններն են՝

    • ինովացիոն էկոհամակարգեր
    • ինովացիա և կրթություն
    • ինովացիա և ձեռներեցություն։

3-րդ տարին անընդմեջ անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝  ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ:

Բաժիններ: Հայաստան