Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեխնոլոգիական կրթություն են ստանում հաշմանդամություն ունեցող 90 երիտասարդներ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում իրականացնում է «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաների, երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ:

Ծրագիրը մեկնարկել է 2015թ. նոյեմբերին և կշարունակվի մինչև 2016թ. մարտ ամիսը: Մասնակիցների թվում են 90 երիտասարդներ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ և Հովունի գյուղերից։

5 ամիսների ընթացքում նրանք կուսուցանեն գրաֆիակական դիզայն` Photoshop և Corel Draw ծրագրերի միջոցով: Հաջորդիվ կիրականացվեն նաև սոցիալական ներգրավում և մասնակցություն թեմայով դասընթացներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու սոցիալական իրավունքների և այլ հարցերի շուրջ:

Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2014թ-ին՝ «Միասին հանուն փոփոխության» խորագրի ներքո, որին մասնակցել են շուրջ 120 երեխաներ և ձեռք են բերել համակարգչային տարրական գիտելիքներ և համացանցի օգտագործման հմտություններ:

«Շատ մեծ կարևորություն ունեցավ 2014 թվականի ծրագիրը, որի շնորհիվ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ և որոշ չափով ծանոթացան տեխնոլոգիական ոլորտին։ Ուրախ ենք, որ ծրագիրն ունեցավ շարունակություն, ու այս անգամ թվով 90 երեխաներ հնարավորություն ունեցան ներգրավվել տեխնոլոգիական միջավայր և ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ»,- նշում է Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արմինե Նիկողոսյանը։

«Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի աջակիցն է ԱՄՆ դեսպանատունը, իսկ գործընկերները՝ Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղը և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող «Արմինե կրթամշակութային հասարակական կազմակերպությունը»:

Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, հեռահաղորդակցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում:

Կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ: