Ներկայացվել է եռաչափ տպիչ, որն իրեր է պատրաստում հեղուկ նյութերից

Nexa 3D իտալական ստարտափը Kickstarter-ում ներկայացրել է NX1 փոքր չափսերով տպիչը, որն արագ դետալներ է պատրաստում հեղուկ նյութերից: Ի տարբերություն սովորական եռաչափ տպիչների` այս մոդելը դետալները պատրաստում է ֆոտոպոլիմերացման մեթոդով, որի ընթացքում պոլիմերը փոխում է իր հատկանիշները ուլտրամանուշակագույն ճառագայթման ներքո: Տպագրության ընթացքում տպիչը ձևավորում է դետալը շերտ առ շերտ:

Նոր մեթոդը, մշակողների խոսքով, թույլ կտա 1 սանտիմետրը տպել 52 վայրկյանում, ինչը 25–100 անգամ ավելի արագ է այս տարի թողարկված տպիչներից:

Տպագրության համար Nexa 3D-ի մշակողները ստեղծել են խեժ պարունակող քարթրիջներ, որոնք պետք է փոխել և ոչ թե լիցքավորել:

NX1-ը Kickstarter-ում վաճառվում է €1599 եվրոյով, ազատ վաճառքում այն կհայտնվի 2016-ի մարտին ու կարժենա €1799: Nexa 3D-ն արտադրելու համար մշակողները փորձում են Kickstarter-ի միջոցով հավաքել €160 հազար եվրո, ներկա պահին ստարտափը հավաքել է 54 հազար, սակայն դրամահավաքի ավարտին դեռ կա 29 օր: