ՀՀՌՑ-ն ավարտել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակմանն անցում կատարելը

Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը «Էրիկսսոն» առաջարկած լուծումների հիման վրա ավարտել է թվային հեռարձակման DVB-T2 ստանդարտին անցում կատարելու գործընթացը: «Էրիկսսոն»-ի Հյուսիսային Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում արտաքին հաղորդակցության բաժնից հայտնում են, որ ծրագրի արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները ստացել են ընդլայնված թվային հեռուստատեսային ալիքների փաթեթի անվճար հասանելիություն:

DVB-T2 (Digital Video Broadcasting standard for Terrestrial, release 2) վերգետնյա թվային հեռարձակման ժամանակակից ստանդարտ է, որը տալիս է բարձր որակի հեռուստատեսային հեռարձակումների հնարավորություն: Այն հիմնված է այնպիսի տեխնոլոգիայի վրա, որը հեռուստատեսային ազդանշանի փոխանցումը միջամտության նկատմամբ ավելի դիմացկուն է դարձնում՝ միաժամանակ ապահովելով հեռուստատեսության ավելի բարձր թողունակություն (HD):

ՀՀՌՑ հեռարձակման ցանցի ենթակառուցվածքը ներառում է 1 կենտրոնական կայան Երևանում, ավելի քան 210 մարզային ընդունման կայաններ և եթերային հոսքերի վերգետնյա փոխանցման օպտիկամանրաթելային և արբանյակային ցանցեր: Թվային հեռուստատեսության ցանցը հանձնված է շահագործման և ներառում է Հայաստանի բնակավայրերի 100 տոկոսը: Ծրագրի արդյունքում Երևանի և դրա հարակից տարածքների հեռուստադիտողները ստացել են 18 հեռուստատեսային և 4 ռադիո ալիքների անվճար հասանելիություն, իսկ մարզերի բնակիչները՝ 9 հեռուստատեսային և 4 ռադիո ալիքների՝ ներառյալ՝ տեղական հեռուստաընկերությունների հեռուստաալիքները:

Մշակված համակարգը տեխնոլոգիական հնարավորություն է ընձեռում հեռուստատեսային ալիքները հեռարձակել ինչպես ստանդարտ (SD), այնպես էլ բարձր (HD, UHD) թողունակությամբ՝ ունենալով հնարավորություն բազմաթիվ լրացուցիչ ծառայությունների զարգացման համար:

Հայաստանի կառավարության որոշմամբ անապահով ընտանիքները կստանան անվճար սարքեր, որոնք թույլ են տալիս թվային ազդանշանի բարձր որակի ցուցադրում հեռուստացույցների հին մոդելների վրա:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի, որպես պետական սեփականություն հանդիսացող ընկերության համար հեռուստաալիքների հասանելիությունը և ցուցադրման բարձր որակը համարվում են առաջնային: Վերգետնյա հեռուստատեսության հեռարձակման բարձր ստանդարտների ներդրման համար, Էրիկսսոն ընկերության հետ սերտ համագործակցության արդյունքում, հաջողությամբ իրագործվել են մի շարք տեխնիկական լուծումներ՝ համաձայն սահմանված պահանջների և ժամանակացույցի: Թվային ստանդարտին անցման շնորհիվ, Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները ստացել են կայուն հեռուստատեսային ազդանշանի և բարձրորակ հեռուստաալիքների լայն փաթեթի հնարավորություն»,-նշել է ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Ericsson ConsumerLab-ի կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ բարձր որակի պատկերը հանդիսանում է հեռուստադիտողների ներգրավման կարևոր հանգամանք, ովքեր մշտապես ակնկալում են մատուցվող ծառայությունների բարելավում: Թվային հեռարձակմանը անցումը ապահովում է օգտակար տեղեկատվության փոխանցման հնարավորության բարձրացում, ինչպես նաև հատկացված սպեկտրի արդյունավետ օգտագործում, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարելավել հեռարձակվող հեռուստաալիքների որակը և ավելացնել քանակը:

«Ժամանակակից տեխնոլոգիաները արմատապես փոխում են ոչ միայն հեռուստատեսային տիրույթը, այլ նաև հեռուստադիտողների նախասիրությունները: Այսօր, հենց հեռուստադիտողներն են առավելապես ազդում հեռուստատեսային արդյունաբերության հետագա զարգացման վրա՝ սահմանելով հեռուստատեսային հեռարձակման որակի բարձր պահանջներ: Մենք խորապես համոզված ենք, որ այս նշանակալից նախագիծը կբացի նոր հորիզոններ Հայաստանի հեռուստադիտողների համար առաջատար տեխնոլոգիական ուղղությունների և ծառայությունների զարգացման գործում հետագա արդյունավետ համագործակցության համար»,- նշել է Ուկրաինայում և Եվրասիական երկրներում հաճախորդների հետ աշխատանքի գծով փոխնախագահ Վոյցեխ Բայդան:

DVB-T – թվային հեռարձակման լայնորեն տարածված ստանդարտ է, որն օգտագործվում է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ավստրալիայի մի շարք երկրներում և Հնդկաստանում: DVB-T2 հանդիսանում է նշված ստանդարտի նոր և կատարելագործված տարբերակը, որն ունի ավելի բարձր հզորություն, ֆունկցիոնալություն և պարամետրերի ավելի մեծ ճկունություն: