«Ծրագրավորման ժամ» միջոցառմանն արդեն գրանցվել է 80-ից ավելի մասնակից

«Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (The Hour of Code) միջոցառումը:

«Ծրագրավորման ժամը» միջազգային ձևաչափի միջոցառում է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաև զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: «Ծրագրավորման ժամը» համախմբում է ավելի քան 100 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրի շուրջ 45 000 դպրոցներից:

Հայաստանում «Ծրագրավորման ժամը» կազմակերպվում է երկրորդ անգամ։ Անցյալ տարի միջոցառումը համախմբել էր ավելի քան 150 մասնակցի ՀՀ տարբեր դպրոցներից: Հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ գնալով մեծանում է, և ակնկալվում է, որ այս տարի կլինի 200 և ավելի մասնակից: Գրանցումն արդեն մեկնարկել է, և արդեն գրանցվել է 80-ից ավելի աշակերտ Հայաստանի տարբեր դպրոցներից:

«Այսօր ծրագրավորումը հասանելի է բոլորին: «The Hour of Code»-ի նպատակն է զարգացնել ծրագրավորման մտածողություն` անկախ մասնագիտությունից, լինես բանասեր, նկարիչ, թե իրավաբան: 2014-ին անցկացված առաջին «The Hour of Code»-ը ցույց տվեց, որ նման նախաձեռնությունները համախմբում և ոգևորում են բազմաթիվ պատանիների: «Այբ» դպրոցը խրախուսում է նորարար ձևաչափերը և համարում նման ծրագրերի իրականացումը մեծ ներդրում ապագա սերնդի կրթության և զարգացման հարցում», – ասաց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Այսօր տեխնոլոգիաները շոշափում են կյանքի բոլոր կողմերը՝ սկսած հեռախոսներից մինչև մեքենաներ, բժշկությունից մինչև առօրյա։ Այդ իսկ պատճառով շատ երկրների դպրոցներում ծրագրավորման առարկան դասավանդվում է կենսաբանության, մաթեմատիկայի, ու գրականության հետ միասին: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կարևորում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է դպրոցական հասակից երեխաներին ցույց տալ, որ բացի տեխնոլոգիական արտադրանքներ օգտագործելուց նաև կարևոր է իմանալ, թե ինչպես են ստեղծվում դրանք», – նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«Ծրագրավորման ժամ» միջոցառմանը կարող են մասնակցել նոր տեխնոլոգիաներով, խաղերով և ծրագրավորմամբ հետաքրքրվող բոլոր անձինք՝ անկախ տարիքից: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Ծրագրավորման որևէ լեզվի իմացություն պարտադիր չէ: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև դեկտեմբերի 13-ը հետևյալ հղումով: Տեղերը սահմանափակ են:

Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN: