Հայազգի նշանավոր աստղագետն արժանացել է հատուկ մրցանակի

Հայազգի նշանավոր աստղագետն արժանացել է հատուկ մրցանակի

Հայազգի անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանն ՆԱՍԱ-ի (National Aeronautics and Space Administration) կողմից արժանացել է Lifetime Achievement Award մրցանակի:

Պրոֆեսոր Թերզյանի գիտական բնագավառները բազմաթիվ են` միջաստղային միջավայր, մոլորակաձև միգամածություններ, գալակտիկաներ, ընդհուպ` ռադիոաստղագիտություն:

Նա 232 գիտական հրապարակման հեղինակ ու համահեղինակ է, ինչպես նաև 6 գրքի խմբագիր: Նրա գիտական հոդվածները տպագրվել են անգամ աշխարհահռչակ Nature ամսագրում, որտեղ տեղ են գտնում միայն գիտական ամենախոշոր հայտնագործությունները:

Հիմնադրման օրվանից (1999թ) պրոֆ. Թերզյանը Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) Գիտական խորհրդի նախագահն է: ANSEF-ը հետազոտական դրամաշնորհներ է տրամադրում գիտնականների ծրագրերին, և միայն աստղագիտության ու աստղաֆիզիկայի բնագավառում աջակցել է շուրջ 24 ծրագրի, որոնցում ընդգրկված են ավելի քան 60 գիտնական Բյուրականի աստղադիտարանից և Երևանի պետական համալսարանից:

Թերզյանը նաև Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահն է: Նա մեծապես նպաստում է ընկերության գործունեությանը և խթանում Հայաստանում ու արտասահմանում ապրող աստղագետների միջև կապերի հաստատմանը: Երիտասարդ աստղագետների համար նախատեսված ArAS ամենամյա մրցանակը ևս պրոֆեսոր Թերզյանի նախաձեռնությունն է:

Աղբյուրը` ntefund.am