«Օրանժ Արմենիայի» շարժական կապի կայանները միացան «Յուքոմ»-ի օպտիկամանրաթելային կապուղիներին

«Օրանժ Արմենիա» ընկերության բաժանորդները շուտով կօգտվեն ավելի կայուն և որակյալ կապից: Կապի այս բարելավումը հնարավոր կլինի «Օրանժ Արմենիայի» շարժական կապի կայանների` «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային կապուղիներին միացման արդյունքում: Ցանցի վերազինման գործընթացն արդեն սկսվել է թե՛ Երևանում, թե՛ մարզերում:

«Օրանժ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների ղեկավարներն այցելել են Կոտայքի մարզ՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին:

«Արդեն սկսել ենք մեծածավալ ներդրումներ կատարել «Օրանժ Արմենիայի» ցանցային ենթակառուցվածքում, ինչը թույլ կտա էականորեն բարելավել մատուցվող ձայնային և ինտերնետ ծառայությունների որակը: Մեկնարկած գործընթացը բավական լայնածավալ է և նախատեսում է կարճ ժամանակահատվածում «Օրանժ Արմենիայի» բոլոր բազային կայանների միացումը «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային ցանցին», – նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Գրեթե բոլոր հայկական շարժական կապի օպերատորները հիմնականում իրենց ցանցի աշխատանքն ապահովում են ռադիոռելեային կապի միջոցով: Ի տարբերություն այս կապի միջոցի, որն իրականացվում է էլեկտրամագնիսական ալիքներ արձակող կայանների օգնությամբ, «Յուքոմ» ընկերությունն օգտագործում է օպտիկամանրաթելային կապ, ինչը թույլ է տալիս կապի այլ ձևերի հետ համեմատած ավելի մեծ հեռավորություններով և ավելի բարձր թողունակությամբ տվյալների փաթեթների փոխանցումներ կատարել:

IMG_8862

«Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը նույնպես անդրադարձավ ընկերության ցանցային ենթակառուցվածքի վերազինման կարևորությանը. «Շարունակում ենք միջոցառումներ ձեռնարկել «Օրանժ Արմենիայի» ծածկույթի ընդլայնման և ցանցի վերազինման ուղղությամբ: Մեր ցանցային ենթակառուցվածքի այս բարելավումը, որն ի դեպ իրականացվում է ամբողջ երկրի տարածքում, հնարավորություն կտա ավելի կայունացնել մատուցվող ինտերնետ ծառայությունների արագությունը, այն նաև հիմք կստեղծի մոտ ապագայում նոր սերնդի ծառայությունների մեկնարկման համար»:

Այսպիսով՝ «Օրանժ Արմենիայի» բազային կայանների՝ «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային կապուղիներին միացումը կբերի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, կապահովի ավելի կայուն կապ՝ մասնավորապես բարձրադիր գոտիներում, ինչպես նաև կբարձրացնի մատուցվող ինտերնետ ծառայությունների արագությունը: