Հայկական Startup Gardener-ն օգնում է տեղական ՏՏ ստարտափներին ֆինանսավորում գտնել (հարցազրույց)

Startup Gardener-ը խորհդատվական ընկերություն է, որի առաջնային նպատակն է նպաստել IT startup-ների հաջողությանը: Ընկերությունը հոգում է նորաստեղծ ընկերության գործունեության բիզնես մասը` օգնելով ստարտափին կենտրոնանալ իր ուժեղ կողմի, այն է` ծրագրավորման և ստեղծագործական աշխատանքի վրա: Startup Gardener-ի կողմից առաջարկվող ծառայությունների, նման ընկերություն հիմնելու գաղափարի, հետագա պլանների ու ստարտափների շուկայի զարգացման հեռանկարների մասին ittrend.am-ը զրուցեց ընկերության համահիմնադիր Սերգեյ Ղազարյանի հետ:

Ընկերության համահիմնադիր Սերգեյ Ղազարյան
Ընկերության համահիմնադիր Սերգեյ Ղազարյան

– Ի՞նչ ծառայություններ է մատուցում Startup Gardener-ը:

– Ընկերության ծառայությունները ներառում են`

  • Բիզնես խորհրդատվություն,
  • Բիզնես պլաների պատրաստում,
  • Բիզնես մոդելավորում,
  • Օգնություն ֆինանսավորում գտնելու հարցում,
  • Եվ, իհարկե, մեր ամենայուրահատուկ առաջարկը` ԱՄՆ-ում ընկերությունների գրանցում Հայաստանից, ինչպես նաև ԱՄՆ-ում ընկերության բանկային հաշվի գրանցում,
  • Մենք նաև հոգում ենք ԱՄՆ-ում գտնվող ընկերության հարկային հաշվապահության խնդիրը:

– Ինչպե՞ս առաջացավ նման ընկերություն հիմնելու գաղափարը:

– Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեզ` որպես ԱՄՆ-ում բիզնես կրթություն ստացած անձանց, շատ հաճախ դիմում էին բիզնես պլաններ պատրաստելու և pitch deck-եր ներդումներ ներգրավելու համար: Կային նաև ԱՄՆ-ում ընկերության գրանցման շատ դիմումներ: Այդ ամենը, բնականաբար, արվում էր այսպես ասած ավելի freelance հիմունքներով, և մենք ուղղակի որոշեցինք այդ ամենը բերել ավելի ինստիտուցիոնալ տեսքի:

– Ո՞ր ընկերությունների հետ եք աշխատում այժմ:

– Այս պահին աշխատում ենք հայկական կամ հայ հիմնադիր ունեցող 3 ընկերությունների հետ. դրանք են` koala.am-ը, 3Dime-ը և Jeltee-ն: Իհարկե, այս ընկերությունները մեր բոլոր ծառայություններից չեն օգտվել հենց առաջին օրվանից: Ամեն ինչ սկսվում է անվճար խորհրդատվութունից: Այդ հանդիպման ընթացքում մենք հաճախորդի հետ մանրակրկիտ ուսումնասիրում ենք իրենց բիզնես խնդիրները և առաջարկում հնարավոր լուծումներ:

pic3

– Ո՞ր բիզնես մոդելներն եք նախընտրում:

– Մենք չունենք նախընտրած մոդելներ, մոդելը պետք է բխի յուրաքանչյուր առանձնահատուկ բիզնեսի նրբություններից: Չնայած կարելի է ասել, որ մեր նախընտրած բիզնես մոդելը ճկունությունն է: Լինելով ստատափների ինդուստրիայում` մենք հասկանում ենք, որ պոտենցիալ գործընկերները հաճախ ունեն սահմանափակ ռեսուրսներ, այդ իսկ պատճառով մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում ամեն հաճախորդին և առաջարկում փաթեթներ, որոնք լավագույնս հարմարեցված են իրենց համար: Պարզ սակագնային տարբերակներից մինչև equity sharing, բոլորը հնարավոր տարբերակներ են:

– Ո՞րն է ԱՄՆ-ում բիզնեսը գրանցելու առավելությունը:

– ԱՄՆ-ում ընկերություն գրանցելու ամենամեծ արավելությունն այն է, որ վերջինս զգալիորեն հեշտացնում է ներդրում ներգրավելը: Ցանկացած ներդրող, լինի դա վենչուրային ֆոնդ, թե հրեշտակ ներդրող, ցանկանում է ունենալ հնարավորինս բարձր կանխատեսելիություն, հատկապես իրավական դաշտում: Այս առումով ԱՄՆ-ի շուկան շատ ավելի գրավիչ է ներդրողների համար հենց իր զարգացած իրավական համակարգի շնորհիվ, քանի որ կայացած իրավական դաշտը առավել կանխատեսելի է և հետևաբար ավելի ապահով ներդրողի տեսանկյունից: Այսպիսով, եթե ներդրողը պետք է ընտրություն կատարի Հայաստանում կամ այլ զարգացող երկրում ներդնելու և ԱՄՆ-ում ներդնելու միջև, այլ հավասար պայմաններում նա կընտրի ԱՄՆ-ն: Դա ուղղակի ավելի ապահով է:

Հարկ է նաև նշել, որ նույնիսկ երբ գրանցում ես ընկերություն ԱՄՆ-ում, կա զգալի տարբերություն, թե որ նահանգում ես գրանցում: ԱՄՆ նահանգներն ունեն առանձին օրենսդրություններ, տուրքեր և հարկեր, և ընկերություն գրանցելիս, ելնելով հաճախորդի նպատակներից, ընտրվում է ամենահամապատասխան նահանգը:

Այլ առավելություն կարող է լինել ԱՄՆ-ում բանկային քարտի շնորհիվ Հայաստանում տարբեր վճարային համակարգերով վաստակած գումարները կանխիկացնելը (օրինակ` PayPal-ով վաստակած գումարները):

pic1
Մհեր Պետրոսյան

– Ի՞նչ եղանակներով եք ներդրումներ գտնում հաճախորդների համար:

– ԱՄՆ-ում գտնվելու, ինչպես նաև հետագայում մեր իսկ սթարթափների շրջանակում մենք ստեղծել ենք վենչուրային և «հրեշտակ» ներդրողների ցանց: Այս ներդրողները միշտ պատրաստ են գնահատելու և ներդրում անելու նորարար բիզնեսների մեջ: Մեր անձնական փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ներդրողը գումար չի ներդնում, ապա նա համաձայնվում է դառնալ ընկերության խորհրդատու (մենթոր)` ապագայում ներդրում կատարելու տեսլականով:

Իհարկե, պետք է հասկանալ, որ գաղափարը մինչև ներդրողին ներկայացնելը, մենք պետք է համոզված լինենք, որ թիմը և գաղափարն ունեն հաջողության հասնելու նախադրյալներ:

– Քանի՞ հոգուց է բաղկացած թիմը:

– Ներկայումս թիմը բաղկացած է 3 հոգուց: Բացի ինձնից` թիմում աշխատում են Մհեր Պետրոսյանը և Միքայել Խաչատրյանը:

– Հետագայում ընդլայնվելու նպատակ ունե՞ք:

– Մեր հետագա ընդլայնման ուղղությունը մենք տեսնում ենք մեր ծառայություններն ԱՊՀ երկրներում հասանելի դարձնելու մեջ:

– Ի՞նչ նոր ծառայություններ եք պատրաստվում առաջարկել մոտ ապագայում:

– Ընկերության հաճախորդների աճին համահունչ մեր նոր ծառայություններից կարող է լինել ՏՏ ընկերությունների ցանցի հիմնում, որը կնպաստի ընկերությունների համագործակցության բարձրացմանը, գիտելիքների և փորձի կիսվելուն, և ընդհանրապես ոլորտում արդյունավետության բարձրացմանը:

–  Ձեր կարծիքով` ի՞նչ է անհրաժեշտ` ստարտափների հայկական շուկան զարգացնելու համար:

– Մեր ստարտափներն ունեն ծրագրավորման և ընդհանրապես կրեատիվ գաղափարների շատ մեծ, պրոֆեսիոնալ ներուժ, սովորաբար պակասում է բիզնես կոմպոնենտը: Այսինքն` մեր ստարտափները կարողանում են ստեղծել հոյակապ լուծումներ, բայց հետո դժվարանում են այն վերածել իրական գործող բիզնեսի: Իրենք մոտենում են խնդրին գիտական/ինժեներական տեսանկյունից` մոռանալով բիզնես կոմպոնենտի մասին` վաճառք, մարքեթինգ, ֆինանսներ, պլանավորում և այլն:

Կարդացեք նաև` Հայկական արմատներով Jeltee-ն մարտահրավեր է նետում Tinder-ին