48.733 ընտանիքի կտրամադրվի թվային հեռարձակման անվճար սարք

ՀՀ կառավարության կողմից 48 հազար 733 սոցիալապես անապահով ընտանիքներին կհատկացվի DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր` որպես սոցիալական աջակցություն: Այս մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 24-ին կայացած նիստում:

Առաջադրվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` վերահսկել, համակարգել և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ուժերով կազմակերպել օգնության փոխադրման և բեռնաթափման աշխատանքների իրականացման աշխատանքները:

Նշենք, որ հունվարի 1-ից Հայաստանում դադարեցվելու է անալոգային հեռարձակումը և անցում է կատարվելու թվային հեռարձակման: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից իրականացվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված է, որ 2016-ի հունվարի 1-ին ՀՀ ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, և այդ պահից սկսած` ՀՀ տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում:

Սոցիալապես անապահով խավին անվճար կարգով DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրումը նախատեսված է Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգով պետության կողմից ստանձնած պարտավորությամբ և ուղղված է ՀՀ բնակչության սոցիալապես անապահով անձանց տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանը: