Google-ը փորձարկում է առանց գաղտնաբառի նույնականացման հնարավորությունը

Ներկայումս Google-ը  փորձարկում է առանց գաղտնաբառի նույնականացման նոր գաղափարը: Ինչպես հաղորդում է The Verge ինտերնետային կայքը, օգտատերերը կկարողանան անցնել նույնականացման գործընթացն իրենց սմարթֆոններով, ինչի համար անհրաժեշտ կլինի կապել սարքն իրենց օգտահաշվի հետ: Երբ օգտատերը մուտք գործի իր անձնական էջ համակարգչից, պլանշետից կամ որևէ այլ սմարթֆոնից, ապա հեռախոսին կուղարկվի ծանուցում, որն անհրաժեշտ կլինի հաստատել:

Google account authentication (1)

Սակայն այս նոր հնարավորությունը չի բացառում նաև ավանդական գաղտնաբառերի օգտագործումը, ինչի համար օգտատերն ինքը պետք է ընտրի, թե որ նույնականացման ձևն է իրեն հարմար: Բացի այդ` հնարավոր կլինի նաև նոր հեռախոսը միացնել այդ համակարգին այն դեպքում, երբ հինը կորի կամ փչանա:

Ինչպես հայտնել են Google-ում, ներկա պահին այս ծառայությունը գտնվում է փակ փորձարկման փուլում և միայն սահմանափակ թվով մարդկանց է հասանելի: Նշվում է նաև, որ գաղտնաբառի նման ձևը կապահովագրի օգտատերերին չարագործներից, ովքեր փորձում են կոտրել նրանց գաղտնաբառերը: Այժմ Google-ը կիրառում է Authenticator համակարգը, որն օգտագործելով հնարավոր է ամեն րոպեն մեկ ստանալ նոր գաղտնաբառ:

Աղբյուրը` The Verge