Sony-ն նոր «խելացի» լամպ է մշակել (տեսանյութ)

Sony ընկերությունը ներկայացրել է իր հերթական նորամուծությունը ինտերնետային իրերի ոլորտում: Նոր արտադրանքը՝ Multifunctional Light-ը, իրենից ներկայացնում է բազմաֆունկցիոնալ լամպ` «խելացի» տան համակարգերի համար: Սարքը կարող է ծառայել որպես մի քանի գործիք:

Առաջին հերթին, Multifunctional Light-ը կարող է փոխազդել այլ սարքերի (օդորակիչ, տերմոստատ) հետ և ուղարկել դրանց տվյալներ խոնավության մակարդակի մասին՝ ջերմաստիճանի կարգավորման համար: Երկրորդ հերթին, լամպն ինքնուրույն կարող է միացնել հեռուստացույցը, եթե դրա շարժման սենսորները հայտնաբերեն սենյակ մտնող մարդու: Եվ երրորդ, սարքը՝ համալրված խոսափողով և բարձրախոսներով, կարող է հանդես գալ որպես դոմոֆոն:

Առաստաղից կախվող սարքի չափսերը կազմում են 660 х 95 մմ, իսկ քաշը 3,9 կգ է: Այն կարելի է կառավարել հեռուստացույցի, օդորակչի հեռակառավարչի միջոցով կամ IR controller հեռախոսային հավելվածով, եթե օգտատերն այդ պահին տանը չէ:

Multifunctional Light-ի մեջ նաև ներառված է microSD հիշողության քարտ, սակայն չի նշվում, թե ինչի համար է այն անհրաժեշտ: Սարքավորումն ունի Wi-Fi (IEEE802.11 b/g/n) անլար մոդուլ, շարժման, ջերմաստիճանի, խոնավության և լուսավորության սենսորներ:

Ճապոնիայում Multifunctional Light-ի վաճառքը կսկսվի 2016թ.-ի առաջին կեսին: Արդյո՞ք «խելացի» լամպը դուրս կգա միջազգային շուկա՝ հայտնի չէ: