Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շնորհիվ Գյումրին համալրվում է տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերով

2015 թվականի ընթացքում 1400 գործող մասնագետներ, ուսանողներ, շրջանավարտներ և դպրոցականներ վերապատրաստվել են և իրենց համակարգչային ու մասնագիտական կարողություններն են զարգացրել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

Ելնելով Գյումրիում և տարածաշրջանում տեխնոլոգիական ոլորտի արագընթաց զարգացման համար շուկան որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտությունից` Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվել են թվով 70 մասնագիտական դասընթացներ հետևյալ ուղղություններով՝ WEB և Mobile ծրագրավորում, համակարգչային ճարտարագիտություն, եռաչափ մոդելավորում և անիմացիա, ցանցային հիմունքներ, Linux օպերացիոն համակարգ և C ծրագրավորման լեզվի դասընթացներ, դիսկրետ մաթեմատիկա և այլն։

2015 թվականի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել աշակերտների կրթությանը՝ փորձելով նրանց մեջ սերմանել հետաքրքություն դեպի տեխնոլոգիական ոլորտ։ Իրականացվել են Kodu ծրագրավորման և Մաթլաբ-ի դասընթացներ, որոնց մասնակցել են Գյումրիի տարբեր դպրոցներից շուրջ 260 աշակերտներ։ Դասընթացների ընթացքում նրանք սովորել են ծրագրավորման հիմունքներ, խաղերի և անիմացիաների պատրաստում, ալգորիթմական մտածելակերպ և ձեռք են բերել թիմում աշխատելու ունակություն։ Դասընթացների արդյունքում մասնակիցները պատրաստել են կայքեր, խաղեր, մշակել են խնդիրների լուծումներ։

Աշակերտների համար իրականացվել է նաև «Ամառային դպրոց» ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 200 աշակերտներ Գյումրու 12 դպրոցներից: Ծրագրի շնորհիվ աշակերտները սովորել են վեբ ծրագրավորում (HTML, CSS, Adobe Photoshop, Corel Draw) և խաղեր են պատրաստել KODU միջավայրում:

Նախորդ տարվա ընթացքում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվել է «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը՝ Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների և երիտասարդների համար, որի նպատակն էր ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ: Մասնակիցների թվում են 90 երիտասարդներ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ և Հովունի գյուղերից։

Կենտրոնում տեղակայված ուսումնական լաբորատորիաներում կազմակերպվել են նաև պրակտիկ դասընթացներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տարբեր կուրսերի ուսանողների համար:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը: