Ինչպես Periscope-ում ուղիղ հեռարձակում կազմակերպել GoPro-ի միջոցով

Twitter ընկերությանը պատկանող Periscope կենդանի վիդեոհեռարձակման ծառայությունը հայտարարել է GoPro-ի հետ իր համագործակցության մասին: Այժմ օգտատերերը, միացնելով iPhone-ը GoPro սարքին, կկարողանան տվյալ պահին փոխանցել դիտորդներին պատկեր՝ էկշն-տեսախցիկի միջոցով, այլ ոչ թե սմարթֆոնի:

Տվյալ պահին ինտեգրացիան աշխատում է GoPro-ի երկու սպորտային մոդելների հետ՝ Hero 4 Black և Hero 4 Silver: Օգտատերերը կարող են միացնել iPhone-ը և GoPro-ն իրար ցանկացած ժամանակ` շարունակելով տեսնել չաթը սմարթֆոնի էկրանին:

Periscope-ի սինխրոնիզացումը GoPro-ի հետ նոր հորիզոններ է բացում դահուկորդների, սնոուբորդիստների, սերֆերների և այլ մարզիկների, ինչպես նաև էկշն-տեսախցիկով ուղիղ հեռարձակման սիրահարների համար: Periscope-ի և GoPro-ի համատեղ առաջին հեռարձակումներից կլինի Համաշխարհային էքստրեմալ խաղերի (X Games) ցուցադրումը, որը կսկսվի այս շաբաթ Ասպենում:

Ավելի վաղ այս ամիս Twitter-ը ներառել է Periscope-ի հեռարձակումներն իր լրահոսում: Եթե նախկինում օգտատերերը կարող էին միայն իրենց թվիթների հղումներով կիսվել Periscope-ում, ապա այժմ նրանք կարող են տեղադրել սեփական վիդեոները: Դիտման համար հասանելի են ոչ միայն վիդեոները, այլև հանդիսատեսի լայքերը և մեկնաբանությունները:

Աղբյուրը՝ The Verge