Հայտնի են «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողների անունները

Հայտնի են «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողների անունները

Հայաստանում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ հայ դպրոցականների կողմից երկար սպասված «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը: Առաջին մրցույթի համեմատ՝ այս անգամ մրցույթի առաջադրանքներն ավելի բարդ էին, ուստի եզրափակչում մրցում էին միայն 40 մասնակից ՀՀ տարբեր մարզերից:

Ժյուրիի կազմում ընդգրկված ՏՏ ոլորտի փորձառու մասնագետների առջև նույնպես բարդ խնդիր էր դրված, քանի որ հայ դպրոցականները հանդես եկան բարդ և ստեղծագործական լուծումներով:

Այսպիսով՝ մինչեւ 13 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթեցին Սամվել Պապյանը (Angry Birds խաղով) և Սերգեյ Վարդանյանը (Brain focus and speed tester): Իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Գևորգ Հովհաննիսյանն՝ իր «Դպրոց» խաղով:

«Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում մինչեւ 13 տարեկան տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Մելինե Ներսիսյանի «Դաշնամուր», իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում՝ Նանե Սարգսյանի «Animal lab» խաղը: «Animal lab»-ը հաղթող ճանաչվեց նաև  «Լավագույն դիզայն» անվանակարգում:

«Լավագույն մտահաղացման» հեղինակ ճանաչվեց Վազգեն Հովհաննիսյանը՝ իր Balloons խաղով:

«Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները ստացան տարբեր անակնկալ մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգևներ, դասընթացի մասնակցության և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն:

Նշենք, որ «ԴիջիԿոդի» շրջանակներում հայ դպոցականներն աշխատում են «Scratch» (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնում Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT)  կայք:  Scratch-ը  MIT-ի կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, իսկ  «Աղվես»-ը  «Scratch» ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը ռոբոտաշինության և ինժեներական խմբակ-լաբորատորիաների աշակերտները կիրառում են  նաև ռոբոտներ ծրագրավորելիս:

DSC_0464

Մրցույթը  զարգացնում է դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, օտար լեզուների իմացությունն ու շփման  ունակությունները: Սա նաև բացառիկ հնարավորություն է, երբ միավորվում են ծրագրավորմամբ հետաքրքրվող ոչ միայն Հայաստանի մարզերի,  այլ նաև այլ երկրերի դպրոցականները և համատեղ խաղեր են ստեղծում: Մրցույթը  բացահայտում է նաև տաղանդավոր երեխաներին և պայմաններ ստեղծում հետագայում նորաստեղծ ընկերություններ ստեղծելու համար:

Հավելենք, որ «ԴիջիԿոդ» մրցույթին ներկա էր նաև Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և  ծառայությունների ալ​յ​անսի (WITSA) ​կրթության, դասընթացների և մարդկային ռեսուրսների կոմիտեի նախագահ դոկտոր Բորիս Կոմ​ր​ակովը: WITSA-ն առաջատար կոնսորցիում​ է, որի անդամ են հանդիսանում​ ՏՀՏ ոլորտի միության անդամների ավելի քան 80 երկրներ: Այն նաև հանդիսանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) կազմակերպիչը: Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ Հայաստանը ձեռք է բերել 2019թ-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) անցկացման իրավունքը :

Նշենք, «ԴիջիԿոդն» իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ)՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: