Մեկնարկել է Կոլբա լաբի «Նորարար առաջընթաց» ծրագիրը

Մեկնարկել է Կոլբա նորարարական լաբորատորիայի նոր՝ «Նորարար առաջընթաց» ծրագիրը:  «Նոր ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք բացահայտել մեր հասարակության նորարարներին: Այս ծրագիրը մեծ նախաձեռնությունների հնարավորություն է ընձեռում բոլոր ոլորտներում ներգրաված անձանց համար` կրթական ու բժշկական համակարգերից մինչև պետական կառավարման կառույցներ: Այս նախագիծը հարթակ կհանդիսանա նրանց համար, ովքեր Հայաստանի զարգացման ներուժի բացահայտման լուծումներ ունեն»,- ծրագրի մեկնարկային բացմանը իր խոսքում նշեց Բրեդլի Բուզետտոն:

«Հայաստանի ապագան սերտ կապված է երկրի նորարարության ներուժի հետ: Եվրոպական միությունը աջակցում ու խրախուսում է նորարարությանը Հայաստանում տարբեր համագործակցության ծրագրերի միջոցով տնտեսական զարգացման, կրթության և էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Հայաստանի վարչական համակարգի բարեփոխումներում նորարարությունը ապահովելու համար կարևոր է խրախուսել քաղաքացիների ակտիվությունը ու քաջալերել քաղաքականության մշակման ընթացքում նոր մտքերի ներառումը:

Այսպիսով, այս ծրագիրը կոչված է խրախուսելու քաղաքացիների ու հանրային հատվածի երկխոսությունը՝ առավել արդյունավետ կառավարման համար»,- իր խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին :

Ծրագիրը նախատեսում է նաև հանրային միջոցառումների շարք, որ սկսվում է հունվարի 30-ին մեկնարկող Հայաստանում առաջին անգամ անցկացվող Հանրային կառավարման նորարարության շաբաթով, որը ներառում է հանրահայտ TEDx ձևաչափով իրականացվող համաժողով, Կոլբա-զրուցարան ձեւաչափի հանդիպում, և խորհրդատվական քննարկումներ հանրային կառավարման ոլորտում աշխատող մասնագետների համար:

Ծրագրի փիլիսոփայության հիմքում քաղաքացին է, որին առանցքային դեր է տրվում քաղաքականության մշակման և զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում: Երկու խոշոր կազմակերպությունների գործընկերությունը թույլ կտա քաղաքացու մասնակցության նոր մեխանիզմներ մշակել և բաց կառավարման նորարարություններ ներմուծել Հայաստանում: Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով՝ քաղաքացիներից եկող գաղափարների ինկուբացում, հանրային իրազեկում և կառավարման նորարարություն: Վերջինին ներգրավված է նաև բրիտանական FutureGov խորհրդատվական ընկերությունը, որ առաջատարն է կառավարման նորարարության լուծումների մշակման և իրականացման ոլորտում:
Մարդակենտրոն նորարարություն

Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում քաղաքացիների մասնակցությունը կառավարման գործընթացներին նոր կարևորություն է ստանում: Այն անմիջականորեն նպաստում է կառավարման նկատմամբ վստահության և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել բաց մրցույթների շարք, որոնք երկրի համար առաջնային խնդիրների լուծումների մշակումը կպատվիրակեն քաղաքացուն՝ այդ խնդիրների անմիջական օգտատիրոջը: Յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել լուծումներ, որոնցից լավագույնները կանցնեն ինկուբացիոն շրջան և նախնական աջակցություն կստանան ՄԱԶԾ և Եվրամիության կողմից:
Կառավարման նորարարություն
Ծրագրի ընթացքում գաղափարների մրցույթներ կիրականացվեն նաև Կառավարության ներսում՝ առավել արդյունավետ ընթացակարգեր, բաց կառավարման նոր լուծումներ և հաղորդակցային նոր գործիքներ խթանելու նպատակով: Ծրագրի ավարտին նախատեսվում է մշակել Կառավարման նորարարական լաբորատորիայի հայեցակարգ, որ թույլ կտա մասնակցային մոտեցմամբ մշակել հանրային ծառայությունները: