TIME ամսագիրը հայկական News Deeply հարթակն անվանել է «նորությունների ապագա» (հարցազրույց)

TIME ամսագիրը հայկական News Deeply հարթակն անվանել է «նորությունների ապագա» (հարցազրույց)

News Deeply-ն հայերի կողմից ստեղծված լրատվական հարթակ է, որը ստեղծում է կոնկրետ թեմաներով բովանդակություն՝ դրանց շուրջ ներգրավելով մասնագիտացված ընթերցողների համայնքներ։ Աշխարհում բարդ, փոխկապակցված խնդիրների ցանց է աճում և ավելի շատ տեղեկատվություն է հոսում, քան երբևէ՝ ավելի շատ ձայներ կան, բայց նաև ավելի շատ աղմուկ, որտեղ ոչ բոլորն են վստահելի և պատշաճ։ Ստարտափը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած Նորարարության զարգացման հանաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է։

Հարթակի ստեղծման, զարգացման հեռանկարների մասին ittrend.am-ը զրուցեց News Deeply-ի գործառնական տնօրեն և Նյուզ Դիփլի Երևանի գլխավոր գործադիր տնօրեն Արփինե Գրիգորյանի հետ:

Արփինե Գրիգորյանը

– Ինչպե՞ս առաջացավ նման կայք ստեղծելու գաղափարը և ինչո՞վ է այն առանձնանում նմանատիպ այլհարթակներից, որտեղ ոլորտի մասնագետները շփվում են միմյանց հետ, ծանոթանում վերջին նորություններին և քննարկումներ ծավալում, օրինակ` ֆեյսբուքյան թեմատիկ էջերը և այլն:

– News Deeply-ի գաղափարն առաջացավ, երբ կազմակերպության հիմնադիր Լարա Սեթրակյանը՝ որպես ABC News-ի և Bloomberg TV-ի թղթակից, աշխատում էր Դուբայում և լուսաբանում էր Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները: 2011թ. «Արաբական գարնան» իրադարձությունների ընթացքում Լարա Սեթրակյանը նկատում է, որ ԶԼՄ-ներն անկարող են լուսաբանել այն բոլոր կարևոր պատմությունները, որոնք տեղի էին ունենում այդ ժամանակ: Նա նկատում է, որ մեդիա համակարգերը խնդիրներ ունեն, երբ խոսքը վերաբերում է միաժամանակ ի հայտ եկող տարբեր իրադարձությունների լուսաբանմանը: Նրա խորը համոզմամբ՝ այսօրվա աշխարհում շատ դժվար է ընկալել բարդ իրադարձությունները՝ առանց դրանց համապարփակ պատկերին ու ժամանակագրությանը տիրապետելու։ Բացի այդ, միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից դուրս էին մնում մարդկային պատմությունները։

Մասնավորապես, մեծ իրադարձություններից էր Սիրիայում տեղի ունեցող պատմությունը, որը լիովին մոռացության էր մատնվել, քանի որ այդ օրերին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Եգիպտոսի և Լիբիայի վրա: Մինչդեռ Սիրիան Լարա Սեթրակյանի համար շատ հոգեհարազատ երկիր է։ Դա կապված է թե՛ նրա ընտանիքի և պատմական արմատների, թե՛ սիրիացիների հանդեպ ունեցած մեծ երախտագիտության հետ։ Չէ՞ որ նրանք անցյալում հայերիս ապաստան են տրամադրել: Լարան ցանկանում էր լուսաբանել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն առավել խորը և մարդկային տեսանկյունից: Այսպես ստեղծվեց Syria Deeply հարթակը:

– Ի՞նչ նոր բան կարող է տալ այս նախաձեռնությունն աշխարհին:

– News Deeply-ն, որը հիմնվեց Syria Deeply-ի հաջողության արդյունքում, մրցանակակիր, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված լրատվական հարթակ է, որը նպատակ ունի համաշխարհային հանրությանն ամբողջական, լիարժեք և խորացված տեղեկատվություն մատուցել կոնկրետ թեմայի շուրջ: News Deeply-ն ստեղծում է մեկ թեմային նվիրված տեղեկատվական հարթակներ, որոնք իրենց ինտերակտիվ համայնքներում համախմբում են փորձագետներին և կարևոր որոշումներ կայացնողներին։

Կազմակերպության տարբեր թեմատիկ հարթակներն օգտագործվում են համաշխարհային հեղինակավոր մեդիա ընկերությունների, մասնագետների և լրատվամիջոցների կողմից:

News Deeply-ի որդեգրած լրագրողական էթիկայի նորմերում է՝ մինչ որևէ հրապարակում անելը, տեղեկությունները վերստուգելը և դրանց հավաստիությունն ապահովելը։

– Կայքում կա 5 հիմնական հարթակ` SYRIA DEEPLY, ARCTIC DEEPLY, WATER DEEPLY, EBOLA DEEPLY և Inclusion HUB. կլինե՞ն արդյոք նորերը և, եթե գաղտնիք չէ, ի՞նչ խնդիրների շուրջ:

– 2016թ. առաջին եռամսյակում կսկսի գործել Refugees Deeply-ն։ Այն կկենտրոնանա միգրացիայի գլոբալ խնդիրների վրա: Կպատմի այն մարդկանց մասին, որոնք երբևէ ապրել են փախստական լինելու զգացումը:

Ամբողջ աշխարհում 60 մլն փախստական կա: Սա ավելին է, քան շատ երկրների ազգաբնակչությունը: Մենք ցանկանում ենք ստեղծել հետևողական պատկերն այն բանի, ինչի միջով անցնում են մարդիկ:

Ընդհանուր առմամբ մենք ձգտում ենք 100 և ավելի «deeply» հարթակների համակարգ ստեղծել։ Դրանք կլինեն և՛ աշխարհաքաղաքական, և՛ գիտական/տեխնոլոգիական, և՛ բարդ ռազմավարական խնդիրներին նվիրված հարթակներ։ Միևնույն ժամանակ շարունակաբար կատարելագործում ենք մեր տեխնիկական համակարգը և նվազեցնում նոր «deeply»-ի թողարկման համար պահանջվող ժամանակը։

–  Ի՞նչ հաջողությունների եք հասել այս պահին:

2012թ․ թողարկված Syria Deeply անդրանիկ հարթակի հաջողությունը սկիզբ դարձավ մի շարք նոր գաղափարների։ Կազմակերպությունը մեկնարկեց միջազգային լրատվության մի նոր մոդել: Այս տարիների ընթացքում News Deeply կազմակերպությունն ընդլայնվեց՝ ներառելով հինգ տարբեր հարթակներ։ Վերջիններս, ինչպես արդեն վերը նշեցինք, խորությամբ ներկայացնում են հինգ տարբեր թեմաներ:

NewsDeeply-ին նաև միջոցառումներ և վիրտուալ թեմատիկ կլոր սեղաններ է կազմակերպում։ Ինչպես նաև ձեռնարկում է մարքեթինգային արշավներ, կոմերցիոն սկզբունքներով հարթակներ է ստեղծում՝ թե՛ առանձին պատվիրատուների, և թե՛ գիտակրթական հաստատությունների պատվերով։

Նշեմ նաև, որ ներկայումս ընդլայնում ենք մեր տեխնոլոգիական հնարավորությունները և թարմացնում հաճախորդների ներգրավման ռազմավարությունները:

Որպես նվաճում, պետք է նաև շեշտեմ, որ TIME ամսագիրը Syria Deeply հարթակն անվանել է «նորությունների ապագա», իսկ Fast Company-ին նշել է, որ այն «գերազանցում է ավանդական նորությունները և վերաիմաստավորում է հակամարտության լուսաբանումը»:

– Ինչպե՞ս է տեղի ունենում ոլորտի մասնագետների և ակտիվիստների շփումը, ի՞նչ ձևաչափով:

– Շփումը տեղի է ունենում և՛ առցանց՝ մեր հարթակների քննարկումների բաժիններում ու սոցիալական մեդիայի մեր էջերում, և՛ դեմ առ դեմ՝ մեր կազմակերպած կլոր սեղանների և ալ միջոցառումների շրջանակներում։

– Հարթակը հիասքանչ հնարավորություն է համախմբելու կոնկրետ խնդիրն ուսումնասիրող և երկրագնդի տարբեր վայրերում բնակվող հետազոտողներին մեկ վայրում. Կապված այս դիտարկման հետ` չեք պատրաստվո՞ւմ արդյոք հետագայում հարթակի հիման վրա կազմակեպել կոնկրետ խնդրիմասին կոնֆերանսներ, սիմպոզիումներ և այլն, օգտատերերի շփումն իրական կյանք տեղափոխելու ևառավել գիտական-մասնագիտական բնույթ հաղորդելու համար:

– Արդեն սկսել ենք՝ օրինակ նախորդ տարի մեր կազմակերպված միջոցառումներից էին սիրիացի լրագրողների համար կազմակերպած կոնֆերանսը Բեռլինում և արկտիկ շրջանի խնդիրներին նվիրված կոնֆերանսը Սինգապուրում։ Այսպիսի միջոցառումները մեր մշտական գործառնության մասն են կազմում։

– Ձեր նախաձեռնության արդյունքում վեր բարձրացված խնդիրները կրում են համամարդկային բնույթ և վերաբերում Երկիր մոլորակի յուրաքանչյուր քաղաքացու: Սակայն կան բազմաթիվ լոկալ բնույթ կրողխնդիրներ, որոնք վերաբերում են կոնկրետ երկրի կամ տարածաշրջանի, օրինակ լոկալ պատերազմները, քաղաքացիական ընդվզումները և այլն, որոնք նույնպես ուսումնասիրվում են բազմաթիվ գիտնականների կողմից: Ձեր կայքը ժամանակի ընթացքում կանդրադառնա՞ նաև այդպիսի խնդիրներին:

– Անշուշտ, լոկալ խնդրի խորը լուսաբանման վառ օրինակ է նախորդ տարի մեր թողարկած Water Deeply հարթակը (www.waterdeeply.org), որը նվիրված է Կալիֆորնիա նահանգին սպառնացող երաշտին։ Մեր առաջնահերթություններն առայժմ առավել մեծ թվով բնակչությանը վերաբերող խնդիրներն են, սակայն չի բացառվում որ այս տարի ևս լոկալ խնդրի նվիրված հարթակ ստեղծենք։

– Քանի՞ հոգուց է բաղկացած Ձեր թիմը:

– News Deeply-ն միջազգային մասնագետների համախմբված աշխատանքի արդյուքն է։ Մեր թիմում տարբեր երկրներից ընդգրկված հիմնական մասնագետների թիվը ներկայումս գերազանցում է երկու տասնյակը, իսկ պայմանագրային աշխատողների բանակը շատ ավելի մեծ է։ Նշեմ, որ News Deeply-ի երևանյան գրասենյակում այսօր աշխատում են երեք մասնագետ, որոնք վարում են կազմակերպության ընդհանուր գործառնությունների, թվային արտադրության և վաճառքի գործառույթները:

Ընդլայնելու ենք թիմը, ինչպես նաև փորձելու ենք Հայաստանն ավելի մեծ չափով ներգրավել մեր արտադրանքի զարգացման գործում: Հուսով ենք շուտով գտնել ծրագրավորող, ով կմիանա մեր թիմին Երևանում։ Ուրախ ենք նաև Երևանում գործող Impact Hub-ին միանալու և այս գրասենյակում որպես գործող ստարտափ հանդես գալու համար:

– Զարգացման ի՞նչ հեռանկարներ ունեք ապագայում:

– Մենք պլանավորում ենք բազմաթիվ «Deeply»-ներից բաղկացած մեծ հարթակ ունենալ, և կազմակերպել ազդեցիկ կոնֆերանսներ։ Կարծում ենք, որ կկարողանանք մեր թեմատիկ հարթակների և միջոցառումների շրջանակներում ներգրավել տվյալ ոլորտի լավագույն մասնագետներին և որոշում կայացնողներին, և կկարողանանք նրանց միջև խթանել արդյունավետ քննարկումներ, որոնց շնորհիվ կնպաստենք այդ խնդիրների լուծմանը։