Microsoft-ը գնել է ինքնաուսուցանվող Swiftkey ստեղնաշարը 250 մլն ԱՄՆ դոլարով (տեսանյութ)

Swiftkey ստեղնաշարային հավելվածը շատ մեծ պահանջարկ է սկսել ձեռք բերել դեռևս մի քանի տարի առաջ` տեքստ հավաքելու ժամանակ բառերի ճշգրիտ կանխատեսման շնորհիվ:

Հավելվածն աշխատում է Android, iPhone և iPad սարքերի վրա: Swiftkey-ն օգտագործում է արհեստական բանականությանը նմանակող մի ծրագիր, որն թույլ է տալիս հավելվածին կանխատեսել, թե օգտատերը բառերի ինչ համադրություն է ցանկանում մուտքագրել: Որքան շատ է օգտատերն օգտագործում Swiftkey-ը, այնքան ավելի ճշգրիտ են դառնում վերջինիս կանխատեսումները, քանի որ օգտագործման ընթացքում հավելվածը սովորում է: Այն նույնիսկ ունակ է հիշելու ժառգոնային բառեր, արտահայտություններ և սմայլիկներ, որոնք սիրում է օգտագործել օգտատերը:

Swiftkey 3

 

2015 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Swiftkey-ն աշխատում էր ավելի քան 100 լեզուներով: Չնայած հավելվածի գրանցած այս բոլոր հաջողություններին՝ նախագծողների խումբն այդպես էլ չկարողացավ ճիշտ բիզնես մոդել ընտրել` սկզբից հավելվածը վաճառվում էր 4$-ով, այնուհետև` 2014-ին, այն դարձավ անվճար, իսկ վճարովի մնացին միայն  հավելվածի լրացուցիչ ստեղնաշարային մոդուլները:

Իր եկամտի մի մասը Swifkey-ն ապահովում է Samsung-ի և BlackBerry-ի շնորհիվ, որոնք իրենց արտադրած սարքերում նախօրոք տեղադրում էին հավելվածը:

Ավելացնենք, նաև, որ Swiftkey ստեղնաշարով է աշխատում նաև աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի (Stephen Hawking) հաշմանդամական սայլակը:

Աղբյուրը` cnews